Vesti.am զրուցակիցն է Ջիու-ջիցու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տիգրան Հարոյանը։

-Տիգրա՛ն, ի՞նչ կենսագրություն ունի ջիու-ջիցուն Հայաստանում, ի՞նչ արդյունքներ եք ունեցել այս տարիների ընթացքում:

Ջիու-ջիցուն Հայաստանում սկիզբ է առել 1991-ից, գործել մինչև 2002 թվականը, այնուհետև որոշ ժամանակ հետո  ինչ-ինչ պատճառներով  դադար է ունեցել: Այժմ  այն կրկին վերաբացվել է:

-Ի՞նչ նկատի ունեք՝ վերաբացվել ասելով՝  նոր դպրոցներ,  մարզասրահներ են բացվել, նոր մարզիկներ են ներգրավվել, ի՞նչն է նոր մարզաձևում։

Հին մարզիկներից շատերն այժմ մարզչական կազմում են,  բնականաբար, մեր թիմում ընդգրկված են նոր մարզիկներ, նոր խմբակներ են բացվել,  շաբաթվա բոլոր օրերին մարզումներ ենք ունենում:

– Հիմնականում ի՞նչ խմբերի՝  դպրոցահասա՞կ, թե՞ որոշակի տարիքի հաջողության հասած մարզիկներ վրա եք ուշադրություն դարձնում:

Մեզ մոտ պարտադիր չէ, որ հաճախեն որոշակի հաջողություն գրանցած մարզիկներ, ներկայումս մեր շարքերում ունենք  5- 18 տարեկան աղջիկներ և տղաներ: Տարիքային սահմանափակումներ նույնպես չունենք ՝ կարող են գալ ինչպես մինչև 18, այնպես էլ 18-ից բարձր տարիք ունեցող մարդիկ, կարևորը շարժվելու կարողությունն է:

-Ջիու-ջիցուն ի՞նչ առավելություններ ունի  և ինչո՞վ է տարբերվում այլ մարզաձևերից: Ինչո՞վ այն կարող է գրավել ծնողին, որպեսզի երեխային բերի ձեր մարզաձևի պարապունքներին:

Այն տարբերվում է վարժությունների համալիրով, ի տարբերություն կարատեի, որը 4 և ավելի ճյուղավորում ունի,  ջիու-ջիցուն իրենից ճյուղավորվող որևէ մարտարվեստի ձև չունի:

Բացի ֆիզիկական վարժություններից, մեր մարտարվեստը խոր հոգեփիլիսոփայական կողմ ունի, և երեխային պարապունքների առաջին օրվանից ծանոթացնում ենք այդ փիլիսոփայությանը:

-Իր ձևավորման սկզբնական փուլում ջիու-ջիցուն Հայաստանում տեղական մակարդակով որոշակի հաջողություններ գրանցել է, դադարից հետո ինչպես եք պատրաստվում զարգացնել այդ հաջողությունները, ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

Հիմա մեր մարզիկները միջազգային մրցաշարի են մասնակցում՝ արդեն մայիսից, 5 ամիս կլինի, ինչ նրանք Չինաստանում են և շարունակում են հաղթանակներ գրանցել՝ ոչ մի պարտություն չունենալով: Ունենք հրավերներ Վրաստանից և Ռուսաստանից: Ռուսաստանից երկու հրավեր էլ ունենք մարտեր առանց կանոնների մարզաձևից: Ջիու-ջիցուն մարտեր առանց կանոնների մարտաձևի հիմք կարելի է համարել, քանի որ բռնումները, նետումները բոլորը մեր մարզաձևից են վերցված: Պատահական չէ, որ մեր մարզիկներից Դավիթ Խաչատրյանն այժմ մարտեր առանց կանոններում նշանակալի հաջողություններ է գրանցում:

-Ջիու-ջիցուի միջազգային պատմությունը որտեղից է սերում.

Այն ճապոնական մարտաձև է, սկիզբ է առել 1500-ականներից, սկզբնական շրջանում եղել է միայն կայսերական ընտանիքի անդամների համար, ապա պատերազմական ժամանակաշրջանում ուսուցանվել է զինվորներին՝ ձեռնամարտերում, առանց  զենքի թշնամուն հաղթելու նպատակով: Հենց այս մարտաձևի շնորհիվ են ճապոնացիները հաղթանակներ տարել մարտերում, կարելի է ասել, որ ջիու-ջիցուն պատմություն է փոխել:

-Մարզերում ինչպիսի՞  ընդգրկվածություն, հաջողություններ կան։

Մարզերում  փոքրիկ խմբակներ ունենք, բայց դեռ չենք ցանկանում անդրադառնալ դրան, որոշակի գործ կանենք, նոր կբարձրաձայնենք,  ծրագրեր կան, մշակվում են։

Ինչպե՞ս կարող են հետաքրքրված անձիք գտնել ձեր մարզադպրոցը։

Մեր հասցեն՝ Բաշինջաղյան փողոց, 195 ավագ դպրոց:

22215348_518853745129347_235758163_n 22093709_516820128666042_571473487_n

Սաթենիկ Թովմասյան

Vesti.am