Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Էդմոն Մելիքսեթի Յավրումյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 10-ին, Լոռու մարզի Մեծավան գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կիրովականի Լոռեմենտ համալսարանի ռադիոտեխնիկայի բաժնում և երրորդ կուրսից` 2016 թվականի հունվարին զորակոչվել պարտադիր ժամկետային զինծառայության:

Շուրջ ինն ամիս է, ինչ Էդմոնը կատարում է դիրքապահի պարտականությունները: Այդ սրբազան առաքելությունը պատվով կատարելու և հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար նա կարևորում է հատկապես զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը: «Ճիշտ է, մանրուքներ մարտական հերթապահության իրականացման ընթացքում չկան, սակայն առավել կարևորում եմ զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը: Դրանք միմյանց հետ փոխկապակցված և մարտական հերթապահության անբաժանելի մասն են: Այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել, կատարել այն բոլոր հրահանգները, որոնք նախատեսված են անվտանգության նկատառումներով` սկսած զենքի և զինամթերքի հետ ճիշտ վարվելուց մինչև դիտարկումների կազմակերպումը և սողուններից պաշտպանվելը: Իսկ զգոնությունը, մանավանդ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում, մեր ծառայության առյուծի բաժինն է կազմում»,- ասաց շարքային Էդմոն Յավրումյանը:

Ինչ վերաբերում է դժվարություններին ու խնդիրներին, ապա դիրքապահ տղաներին դա հաջողվում է հաղթահարել միասնական ջանքերի, հայրենասիրության ու մասնագիտական պատրաստվածության շնորհիվ: «Զինծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում ընդհանրապես, միշտ էլ դժվարություններ ու խնդիրներ լինում են: Դրանք հաղթահարելու համար նախևառաջ պետք է կամք ցուցաբերել, իսկ դիրքերում այդ բոլորը հաղթահարում ենք համատեղ ուժերով` ընկերաբար: Այդ առումով տղաների միջև հաստատված են ջերմ ընկերական հարաբերություններ, և պատրաստ ենք ամեն հարցում մեկս մյուսին օգնել, սատար կանգնել, որպեսզի կարողանանք կատարել մեզ վրա դրված առաքելությունը:

Հայրենիքի պաշտպանությանը նվիրվելու հարցում իր ուրույն տեղն ունի հայրենասիրականը, քանի որ առանց քո հայրենիքը սիրելու, առանց նրա հերոսական անցյալին ծանոթ լինելու այն կկորցնի ամեն գնով պաշտպանելու իմաստից: Դիրքում կանգնած, հայրենիքի սահմանը պահող զինվորի համար այն ավելի բարձր արժեք ու իմաստ ունի»,- ասում է շարքային Էդմոն Յավրումյանը:

Էդմոն Յավրումյանն իր և մյուս դիրքապահների անունից հավաստիացնում է, որ իրենք իրենց պատասխանատու են համարում հայրենիքի պաշտպանության համար: Այդ հարցում իր ուրույն տեղն ունի մարտական ոգին, որը երբեմն ավելի կարևոր զենք է դառնում, քան իրական զենքը: Իսկ հոգևոր և զինվորական զենքի համադրումը, մեր միասնականությունը և հայրենիքին նվիրվածությունը, Էդմոնի կարծիքով, անպարտելի են դարձնում մեր բանակը: Էդմոնը վստահեցնում է. «Պատրաստ ենք ձախողելու հակառակորդի բոլոր մտադրությունները»: