Գաղտնիք չէ, որ ներկայում հանրապետությունում բազմաթիվ առաջնային նշանակության խնդիրներ կան չլուծված. խնդիրներ, որոնք իրենց լուծմանն օր առաջ են սպասում, բայց որոնք այդպես էլ լուծում չեն գտնում: Բայց արի ու տես, որ այդ առաջնային խնդիրները թողած՝ Տրանսպորտի և կապի նախարարը լծվել է մեկ այլ՝ առաջին հայացքից հապշտապ լուծում չպահանջող խնդրի լուծմանը: Խոսքը, մասնավորապես, նախարար Վահան Մարտիրոսյանի՝ աջակողմյան ղեկերով մեքենաներն արգելելու առաջարկի մասին է, որը լուրջ քննարկման առարկա է դարձել հանրության շրջանում:

Շատ-շատերը գտնում են, որ նախարարության առջև այսօր ավելի լուրջ խնդիրներ կան ծառացած, քան մեքենաների ղեկերի տեղի և դերի մասին մտածելը: Օրինակ՝ տրանսպորտի նախարարությունը կարող էր ի վերջո ավարտին հասցնել հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որի ոդիսականի վերջը դեռևս չի երևում: Այն, որ մեր երկրում կամայական փոփոխությունբեր են արվում՝ ելնելով փոքր խմբերի շահերից՝ գաղտնիք չէ: Այս անգամ էլ կասկածներ կան, որ մտահոգության բուն առարկան ոչ թե քաղաքացիների, վարորդների անվտանգությունն է, այլ այն, որ աջակողմյան ղեկով մեքենաները գուցե և խփում էին որոշ շրջանակների բիզնես շահերին: Մյուս կողմից, որոշ հաշվարկներով, Հայաստանում կան տասնյակ հազարների հասնող աջ ղեկով մեքենաներ, և նրանց ղեկի տեղափոխման վրա մեծ գումարներ կարելի է աշխատել: Մինչ օրենքի ուժով աջ ղեկով մեքենաների շահագործման արգելումը՝ հնարավոր է ստեղծել մեքենաների ղեկի փոփոխության ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք և կաշխատեն միլիոններ՝ նոր օրենքի շնորհիվ: Իհարկե, այս ամենն ընդամենը ենթադրություններ են, մտորումներ՝ թե ինչու է նախարարությունը, գիտակցելով հանրային դժգոհությունը, այդքան մեծ կարևորություն և առաջնայնություն տալիս այս նախագծին, երբ ոլորտում օր առաջ լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել: Ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում…

 

Ստելլա Խաչատրյան