Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 4-ին ձյուն տեղաց միայն Գավառ քաղաքում եւ տարածքի մի շարք գյուղական համայնքներում: Բարեբախտաբար, մարզի մնացած տարածքներում տեղումները եղան անձրեւի տեսքով, թեեւ բարձրլեռնային գոտիներում եւս ձյան սավանը նստեց:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ե ւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, տեղացած ձյունը եւ գրանցված սառնամանիքը, այնուամենայնիվ, անակնկալ էին տնտեսությունների համար, որոնց բերքը դեռ հավաքված չէ, իսկ անասունների նախիրներն ու հոտերը գտնվում էին լեռնային արոտատեղերում:

«Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի առավոտյան գրանցված սառնամանիքի, տեղացած ձյան հետեւանքների մասին ճշտումներ կարվեն առաջիկա օրերին, երբ համայնքներից կստացվեն համապատասխան ահազանգեր կամ տեղեկություններ: Մեր դիտարկմամբ՝ ձյուն տեղացել է Գավառ քաղաքում եւ շրջակա գյուղական համայնքներում: Ձյան շերտը բնակավայրերի որոշ հատվածներում մեկ օր անց էլ դեռ պահպանվում է: Այն առավել նկատելի է 2000 մետր բարձրությունից սկսած՝ ձյան սավանով ծածկելով արոտավայրերն ու դաշտերը, ինչը նշանակում է, որ ավարտվում է անասունների արոտի շրջանը լեռնային եւ բարձրլեռնային գոտիներում, եւ անասնահոտերը մինչ մսուրային շրջանի սկիզբը պետք է բավարարվեն բնակավայրերին մերձակա արոտներով: Կարծում եմ նաեւ, որ ցածր ջերմաստիճանի հետեւանքով կարտոֆիլի, կաղամբի կամ պտղի բերքը Գավառի տարածքում չի ցրտահարվել, չի վնասվել, այդ մասին տեղերից էլ ահազանգեր դեռ չունենք: Իսկ ահա պտղատու կամ դեկորատիվ ծառերի ջարդվելու մասին տեղեկություններն առկա են: Մի խոսքով, ձյան ու ցրտի պատճառած վնասների մասին տվյալները կամփոփվեն առաջիկա օրերին: Արեւոտ եղանակը, կարծում եմ, հնարավորություն կտա ժամանակին ավարտել թե՛ բերքահավաքը, թե՛ աշնանացանը»,-հավաստեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը: