Կառավարությունը հավանություն տվեց «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որը վերաբերում է դատարանների գերծանրաբեռնվածության թուլացմանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք, որպես կանոն, շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանները: Առաջարկության էությունն այն է, որ մենք ընդլայնենք նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, և նմանատիպ պայմանագրերը նոտարին ներկայացվեն և վավերացվեն էլեկտրոնային տեսքով: Նաև պարզեցված համակարգ ենք առաջարկում, որը թույլ կտա նոտարի կատարողական մակագրության միջոցով, խուսափելով դատական վեճերից, հարցը տանել կատարման»,-ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ավելացնելով, որ փոփոխությունը կբեռնաթափի դատարանները:
Նրա խոսքով, խնդիրը վերաբերում է արտադատական լուծմանը: «Մենք ունենք արտադատական լուծման հնարավորություն, նոտարի կատարողական մակագրություն, սակայն դեպքերը խիստ սահմանափակ են»,- ասաց նա՝ հավելելով, որ էլեկտրոնային եղանակը կնվազեցնի նաև ծախսերը: «Օրինակ` էլեկտրոնային վավերացման դեպքում պետական տուրքը դառնում է ընդամենը հինգ հարյուր դրամ»,- նշեց Հարությունյանը: