Խորհրդարանն այսօր 87 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, դեմ արտահայտվեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները։ Նշենք, որ ըստ համաձայնագրի, զինված ուժերի միացյալ խմբավորումը 2 երկրների քաղաքացիներին պետք է պաշտպանի արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։ Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ: Ըստ պայմանագրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ: Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությունը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետևում: Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման: Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կարող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:
 
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համատեղ զորախումբ, որի գործառույթների մասին, սակայն, հստակ չի նշվում երկու կողմերից էլ և այդպես էլ պարզ չի դառնում` արդյոք այդ զորախումբը հարկ եղած դեպքում ներգրավվելո՞ւ է Հայաստանի սահմանի պաշտպանությանը, եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից։ Նկատենք, որ 1994 թվականին կնքված զինանադադարի պայմանագրի խախտումը Ադրբեջանի կողմից, կարծես թե, օրինաչափություն է դարձել։ Չնայած սրան` առավել հաճախ նշվում է, որ զորախումբը կոչված է պաշտպանելու Հայաստանի, այսպես ասած, արտաքին սահմանները, որոնցից չգիտես ինչու` մինչ օրս համարվում է հայ-թուրքական սահմանը: Անշուշտ, Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը շատ կարևոր է, սակայն այսօրվա դրությամբ առավել հավանական են հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ոտնձգությունները, ուստի եթե ռուսական զինուժի առկայությունը համարվում է զսպող գործոն Թուրքիայի հետ սահմանին, ապա հասկանալի չէ, թե ինչու այդ գործոնը հստակ չի նշվում նաև հայ-ադրբեջանական սահմանի դեպքում:
 
Իրականում միացյալ զորախումբը գոյություն ունի արդեն տևական ժամանակ: Դրա ձևավորման գործընթացը սկսվել է 1990-ականների կեսերից, և այն մշտապես գործել է: Այժմ պարզապես տեղի է ունեցել գործընթացի կանոնակարգում: Սա ավելի շատ ունի սիմվոլիկ նշանակություն: Փաստ է, որ այս հարցը արծարծվում է ոչ միայն Հայաստանում, այլ քննարկվում է հարևան Ադրբեջանում, Արևմուտքում, հենց Ռուսաստանում: Սա Հայաստանի անվտանգության ապահովման ձևաչափերից մեկն է: Ռուսաստանի հետ համագործակցությունը, առհասարակ, այսպես ասած անվտանգության ապահովման «հայկական տարբերակն» է: Այն ինչ Ադրբեջանը ձեռք է բերևում կանխիկ գումարով, մենք ստանում ենք Ռուսաստանի հետ համագործակցության ձևաչափի շրջանակներում: Դա, օրինակ` ցածր գներով զենքի և զինամթերքի ձեռբերումն է, սպայական անձնակազմի ուսուցումը, համագործակցության որոշակի ֆինանսական ձևաչափերը: Բացի դրանից` հայ-թուրքական սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և հայկական կողմը հնարավորություն ունի իր ռեսուրսները օգտագործել այլ ուղղություններով: Ռուսական կողմը, խոշոր հաշվով գնում է դրան, ոչ այդքան իր վարկանիշի բարձրացման, որքան վերջին շրջանում փոքր-ինչ շեղված հավասարակշռության վերականգնման համար: Նոր պատերազմը պետք չէ ոչ ոքին, այդ թվում նաև` ռուսական կողմին:
 
Ստելլա Խաչատրյան