Հին ու նոր ընդդիմադիրները նոր շունչ մտցրին ԱԺ ընթացիկ նստաշրջանում։ Խոսքը «Ելք» խմբացության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նախկին ռադիկալ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանի մասին է։ Օրերս «Ելք»-ի կողմից առաջարկված ԵՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը ի ցույց բոլորի ծաղրել էր Արտաշես Գեղամյանին։

Նոր դրոշի տակ Արտաշես Գեղամյանի պասիվությունը տրամաբանական էր։ Դժվար է սուր քննադատի կերպարից դուրս գալ և անմիջապես իշխանամետ կեցվածք ընդունել։ Այս հանգամանքը Արտաշես Գեղամյանին մշտապես խոցելի է պահել ոչ միայն ներկայիս համախոհների, այլև հատկապես ընդդիմադիր բեևեռի քաղաքական գործիչների շրջանում։ Սա քաջ գիտակցելով Գեղամյանը, ում ձայնը, իբրև  փրկության ղողանջ երկար տարիներ զրնգում էր  հայ ազատատենչ հանրության ականջում, ստիպված էր լռել, և գոնե լռությամբ ապահովագրել անփառունակ ներկայությունը իշխանության շարքերում։ Ի վերջո Գեղամյանը փորձեց արտահայտվել, ինչը լավ բանի չհանգեցրեց։ Նիկոլ Փաշինյանը, ով հավանաբար երիտասարդ տարիներին բազմիցս ոգեշնչվել էր Գեղամյանի հակաիշխանական բոցաշունչ պորթկումներով, հանդգնեց ծաղրել նրան։ Այս իրադարձության տրամաբանական շարունակությունը կլիներ այն, որ Գեղամյանը Ամեն դեպքում ցույց կտար Փաշինյանին իր տեղը, և վերջապես հարգալից վերաբերմունք կպահանջեր։ Այն ինչ այսօր ԱԺ-ում արեց Արտաշես Գեղամյանը ավելի շուտ կրիմինալ ժանրից էր։ Միջանցքում հարձակվել  ու բռունքով հարվածներ հասցնել գործընկերոջը ամենևին  էլ պատգամավորին վայել   չէ։ Մի՞թե  նա այնքան է մեծացել, որ չի կարողանում համապատասխան հակահարված տալ Փաշինյանին, որ հերթը հասել է նման փողոցային բարքերի ներմուծմանը երկրի խորհրդարան։

Այս 6 ամիսների ընթացքում հայ հասարակությունը հասցրել էր հասկանալ, որ նոր Ազգային ժողովի կազմից մեծ գործեր չարժե ակնկալել, բայց որ այսպիսի խայտառակ իրավիճակ կստեղծվի և նիստերը կուղեկցվեն այս տեսակ միջադեպերով, տրամաբանությունից դուրս է, և միանշանակ անթույլատրելի։

Վաչիկ Գրիգորյան