Վերջին շրջանում Հայաստանում մեկնարկել է թանկացումների շղթա. նախ միսը, հետո կարագն ու կաթնամթերքն իրար հետևից սկսեցին թանկանալ: Ընդ որում՝ այդ թանկացումները չեն հիմնավորվում որևէ արժանավահատ պատճառաբանությամբ:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի համոզմամբ՝ թեև կարագի թանկացումը հիմնավորում են միջազգային շուկայում այդ ապրանքատեսակի գնի աճով. «Այն, որ կարագի գինը կհասնի մինչև 6000 դրամի, արտադրող ընկերությունները ինչ-որ կերպ հիմնավորում են միջազգային շուկայում կարագի գնի աճով, սակայն դա դեռ պետք է ապացուցել»,-ասաց Հակոբյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում: 

Վերջինիս խոսքով՝ կաթնամթերքի շուկայում սկսված թանկացումներն էլ են կապում կարագի գնի աճի հետ՝ փորձելով արդարացնել կաթնամթերքի թանկացումը. «Կաթն ինչո՞ւ են թանկացրել, չէ՞ որ գյուղացուց կաթը շարունակվում է մթերվել նույն գնով, սովորաբար, այդ գինն աճում է միայն ձմռան ամիսներին: Պարզ է, որ որոշ արտադրողներ և բիզնեսմեններ օգտվում են առիթից ու անբարեխղճորեն թանկացնում նաև կաթնամթերքը: Հայաստանում միշտ է այդպես. հենց լսում են, որ միջազգային շուկաներում ինչ-որ բանի գին աճել է, էստեղ էլ են գինը թանկացնում, անկախ նրանից՝ կապ ունե՞ն միջազգային շուկայի հետ, թե՞ ոչ»:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրենք ամեն վայրկյան պատրաստ են բարձրաձայնել խնդիրը՝ պատկան մարմինների ուշադրությունը պահելով թանկացումների վրա, ինչ էլ, գուցե զսպող մեխանիզմ լինի անբարեխիղճ գործարարների և արտադրող ընկերությունների վրա: 

Հավելենք, որ այս թանկացումների ֆոնին՝ երևանյան սուպերմարկետներում կարագը սկսել է սպառվել շատ մեծ խմբաքանակներով, սպառողները արագ-արագ իրենց տուն են կրում կարագի կիլոգրամները՝ որպեսզի ստիպված չլինեն դրա համար մի քանի օր անց վճարել կրկնակի: