ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում զայրացավ, երբ լրագրողները նրան թանկացումների վերաբերյալ հարցեր ուղղեցին: Նա հրմշտում էր իրեն հարցեր ուղղած լրագրողների տեխնիկան: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»- ասաց նա: Հարցին, թե որպես քաղաքացի` իրեն գնաճը չի՞ անհանգստացնում, նա պատասխանեց. «Ամեն ինչն էլ անհանգստացնում ա»:
 
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերում մենաշնորհային դիրք ունեցող Սամվել Ալեքսանյանը չի փայլում օրենսդրական գործունեությամբ, բայց 2003թ.-ից առ այսօր՝ պատգամավոր է: Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ ԱԺ պատգամավորին՝ զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր: Դրանցից է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի ՀՀ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ, նրան է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցերը, մոտ 7 դեղագործական ընկերություն, «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը: Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ, ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնի է Հրազդանի ձորում գտնվող «Փարվանա» ռեստորանը: Ժամանակին մամուլը գրել է, որ Ալեքսանյանին են պատկանում նաեւ բազմաթիվ ձկնաբուծարաններ: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ն մշտապես նրա վրա է դնում ձայներ բերելու գործընթացի պատասխանատվությունը: «Սիթիների» տիրակալն էլ ընտրություններին փողերը չի խնայում, որպես հատուցում՝ հայտնվելով խորհրդարանում:
 
Ինչ խոսք, քաղաքական գործիչների մեջ քիչ չեն այնպիսիները, որոնք դերասանական տաղանդ ունեն: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը շատ լավ է խաղում, երբ լրագրողներին ասում է, որ փող չունի, բիզնես չունի, որտեղի՞ց ընտրակաշառք կարող է բաժանել. Ստանիսլավսկու ասած՝ լրիվ դերի մեջ: Քաղաքական դաշտում այնպիսի դերասաններ ունենք, որոնք Օսկարի են արժանի:
 
Ստելլա Խաչատրյան