Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել:

«Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-գրել է Ագրամունտը Twitter-ի իր օգտահաշվում: 

ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չէր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից:

Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար: 

Ագրամունտի անվան հետ են կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ: