Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝  Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մասին ՀՀ օրենքը դեռ չի նշանակում, որ այդ զորախումբն անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավոր. «Ըստ օրենքի՝ այդ զորախումբը չի կարող Արցախի անվտանգության երաշխավորը դառնալ: Այս զորախումբը Արցախի հարցում որևէ պարտավորվածություն չունի, կարող է ընդամենը օգնել հայկական կողմին, քանի որ Արցախի առաջ որևէ պարտավորվածություններ չունի: Սա Հայաստանի հետ համատեղ զորախումբ է»:

Ըստ Շիրինյանի՝ խնդիրն այստեղ այլ է՝ արդյո՞ք Հայաստանի ուժը կբավականացնի պարտավորեցնել Ռուաստանին անել մի բան, ինչը նա չի ուզում՝ այն է՝ Արցախի հարցում դեմ դուրս գալ Ադրբեջանին. «Սա մութ անտառ է, Ռուսաստանի շահերից չի բխում Ադրբեջանին նեղելը: Հայ ժողովրդին տարիներով կերակրել են ռուս-հայկական բարեկամության պատմություններով, բայց չէ՞ որ փաստ է, որ  կատարվեց այդ պատմությունների ճիշտ հակառակը, չէ՞ որ Ապրիլյան պատերազմը հենց Ռուսաստանի հրահրումով տեղի ունեցավ, առանց ռուսական «դաբրոյի»՝ Ադրբեջանը մեր դեմ չէր գա»: 

Անդրադառնալով պայմանագրի կարևորի կետերից մեկին,  ըստ որի՝ խաղաղ պայմաններում միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին, Լևոն Շիրինյանը հարց է հնչեցնում. «Իսկ եթե չենթարկվի՞, ի՞նչ ենք անելու, կարո՞ղ է արդյոք հայկական կողմը դրա դեմ որևէ քայլ ձեռնարկել, մեր պետությունն ունա՞կ է ռուսական կողմին որևէ բան պարտադել, չէ՞ որ պարտադրելու համար ուժեղ տնտեսություն է պետք ունենալ, որը մենք չունենք: Հետևաբար, որևէ պայմանագիր մեզ չի օգնի, քանի դեռ մենք չունենք հզոր տնտեսություն: Մեր տնտեսությունը լոլիկն է, ծիրանը, աշխատուժն էլ արտահանում ենք էժան ու անտեր, մինչդեռ մեզ տնտեսապես հզորանալ է պետք, գիտությունն է պետք հզորացնել, որը կծառայի հենց մեր բանակին»: 

Խոսելով մեր երկրում ռուսական ազդեցության աճի մասին՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ հասարկության համար անհասականալի է մնում մի կարևոր հարցադրում. «Հայկական կողմն այս 25 տարիների ընթացքում արե՞լ է արդյոք քայլեր՝ ձեռք բերելու համար ամերիկյան կողմի անվտանգության երաշխիքները, որը հակակշիռ կդառնար ռուսական ազդեցությանը: Պետք է մեզ հաշվետվություն տան՝ ամերիկյան երաշխիքներ ձեռք բերելու համար ի՞նչ են արել: Մյուս կողմից՝ շարունակում է հարցական մնալ՝ ինչո՞ւ քննարկումներ չեն կազմակերպում հասարակական լայն շրջանակներում.  չէ՞ որ առանց այդ քննարկումների՝ պետական շահը բացահայտել ու հասկանալ հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին 87 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավայի ռազմական օկրուգի հրամանատարին: