Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման և համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման:

Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Մշտապես անկեղծորեն ուրախ եմ Ձեզ հետ հանդիպումների համար, որոնք մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շնորհիվ բաց, վստահելի և գործընկերային բնույթ են կրում:

Համոզված եմ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը այսուհետ ևս կուղղվի դեպի մեր երկրների միջև կառուցողական համագործակցություն, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցներում:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: