Եվրոպա հասնելու համար միգրանտներից հաճախ ամիսների երկար ու դաժան ճանապարհ է պահանջվում անցնել: Եվրոպայից հետ`դեպի իրենց երկրներ պարտադրաբար վերադարձը տեւում է մի քանի ժամ միայն: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը: 

2015-ի համեմատ 2016 թվականի ընթացքում Եվրոպական միությունից Աֆղանստան վտարված անձանց թիվն ավելի քան եռապատկվել է`3 հազարից հասնելով 9 ու կես հազարի:

‘’Amnesty International’’ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը դժգոհություն է արտահայտում, որ այս մարդկանց վերադարձնում են այնտեղ, որտեղ պատերազմը դեռեւս շարունակվում է: Կազմակերպության ներկայացուցիչ Օդրի Գորանի խոսքերով, 2016 թվականն ամենամահաբերն է եղել այստեղ իրենց ուսումնասիրությունները սկսելուց ի վեր:

‘’Միայն այդ մեկ տարվա ընթացքում այստեղ 11 հազար զոհ է գրանցվել: Այսինքն` հսկայական մեծ թվով մարդկանց վերադարձնում են այնտեղ, որտեղ նրանց մեծ վտանգ է սպառնում’’, ասում է նա:

Մոհամեդ Ջամշիդիին Քաբուլ են վտարել Գերմանիայից: Շատերի նման է նա կարծում, որ իր նկատմամբ անարդարացի են վերաբերվել: Նրա խոսքերով, ‘’Եվրոպայի ամեն անկյունում արտոնություններ են տալիս Սիրիայից ժամանածներին: Նրանցից միայն երեք ամիս է պահանջվում գրանցվելու համար, սակայն աֆղանսանցիներիս վտարում են Գերմանիայում մի քանի տարի ապրելուց հետո’’:

‘’Amnesty International’’-ն ունի տվյալներ այն մասին, թե հետ վտարված քանի աֆղանստանցի է սպանվել կամ վիրավորվել պայթած ռումբերից: Իսկ այստեղ փոքր չէ նրանց թիվը նաեւ, ովքեր կանգնած են կրոնական ու սեռական իրենց ուղղվածության պատճառով բռնությունների վտանգի առջեւ:

Եվրոպական երկրների իշխանությունները դա արդարացնելու համար հայտարարում են, որ աֆղանստանցիներին տեղափոխում են այդ երկրի ավելի ապահով վայրեր, երբ ‘’Amnesty International’’-ը պնդում է, որ նման վայրեր Աֆղանստանում չկան:

Գերմանիան, որը Քաբուլում 150 կյանք խլած ռումբի պայթյունից հետո մայիս ամսին դադարեցրել էր աֆղանստանցիների վտարումները, անցյալ ամիս վերսկսեց այդ գործընթացը: Այս երկրի ներքին գործոց նախարարության խոսնակն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե յուրաքանչյուր դեպք քննվում է յուրովի: Նա նաեւ հարցականի տակ է դնում Աֆղանստանում անվտանգ գոտի չլինելու մասին տեսակետը:

Իսկ Եվրոպական միության խոսնակը հայտարարում է, թե վտարումների մասին որոշումները կայացնում են անդամ երկրների կառավարությունները, այլ ոչ Եվրոպական միության ղեկավարները: