Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Շողակաթ, Ճամբարակ, Ձորագյուղ, Գեղաքար, Ծովինար եւ Գեղամասար համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են համայնքի ղեկավարի 22 թեկնածու:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, առաջադրված թեկնածուներից 16-ը ներկայացնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, 1-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Մնացած 5-ը անկուսակցականներ են:

Եվ այսպես, Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ անդամներ՝ Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը, «Լիկա-Ալեն» ՍՊԸ հիմնադիր Կարեն Մկրտչյանը, ԲՀԿ անդամ, «Նար-Գրուպ» ՍՊԸ տնօրեն Սմբաթ Սիմոնյանը, անկուսակցական Պարգեւ Խչեյանը: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանում է Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը: Շողակաթ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել են ՀՀԿ անդամ, Շորժայի գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Սուլիկո Շուշանյանը, ՀՀԿ անդամ, «Գազպրոմ Արմենիա» կազմակերպության փականագործ, ինքնաառաջադրված Աշոտ Կիրակոսյանը եւ անկուսակցական, Դրախտիկ համայնքի ղեկավար Վալենտին Պետրոսյանը: Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանում է ճամբարակի գործող քաղաքապետ Յուրա Ավալյանի թեկնածությունը:

Նույն պաշտոնի համար կպայքարեն նաեւ ՀՀԿ անդամ, Թթուջուր համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը եւ «Գեգամետ պլյուս» ՍՊԸ ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանը: Ձորագյուղ համայնքի ղեկավարի համար կպայքարեն երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուկյանը: Ծովինար համայնքի ղեկավարի պաշտոնում կպայքարեն անկուսակցականներ, գործող գյուղապետ Մհեր Մարտոյանը եւ գյուղապետի տեղակալ Գեղամ Գյուրջյանը:

Ի տարբերություն Ծովինարի, որտեղ իշխող կոալիցիան թեկնածուներ չունի, Գեղաքարում առաջադրված երկու թեկնածուներն էլ ներկայացնում են ՀՀԿ-ն՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ կողմից առաջադրված Կարինե Մարտիրոսյանը եւ ինքնաառաջադրված Ռաֆիկ Սաֆարյանը: Գեղամասար համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար առաջադրված թեկնածուները 5-ն են՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված, Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գեւորգյանը, ՀՀԿ անդամներ, ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Փամբակ համայնքի ղեկավար Հարություն Ազարյանը, «Նար-Միլ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տեսուչ Արայիկ Սաթյանը եւ անկուսակցական, Կութ համայնքի ղեկավար Անդրանիկ Հախումյանը: Թեկնածուների գրանցումները կավարտվեն հոկտեմբերի 11-ին: