Օրերս, խոսելով գնաճի մասին՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ մի քանի ապրանքատեսակներով չի կարելի դատողություններ անել։ «Այսօրվա դրությամբ, սեպտեմբերը սեպտեմբերի համեմատ, ունենք ընդամենը մեկ տոկոս գնաճ, և մեկ կամ երկու ապրանք վերցնել ու ասել, որ կյանքը վատթարացել է, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ»,-ասաց Վ. Արամյանը: Արդեն մի քանի օր է, որ լրատվամիջոցները բարձրաձայնում են մսամթերքի, կաթնամթերքի շուկաներում թանկացումների մասին: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը` 800 դրամով Բացի նշված մթերքներից, թանկացել են նաև այլ ապրանքներ` պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկների որոշ տեսակներ: Թանկացումների պաշտոնական բացատրություններից հետևում է, որ դրանք մոնոպոլ երևույթներով չեն պայմանավորված։ Ինչպես միշտ՝ «մեղավոր» են միջազգային գները, որոնց ազդեցությունը Հայաստանում նկատելի է լինում միայն թանկացումներով և գրեթե երբեք՝ հակառակը։
 
Երբ նախարարը հայտարարում է տնտեսական աճի մասին՝ այս կամ այն տոկոսի չափով, տրամաբանական է ենթադրել, որ պետական պարտքը գոնե մի քիչ պետք է կրճատվի, կամ աշխատավարձներն ու կենսաթոշակները բարձրանան, սակայն մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացի, աշխատավարձի բարձրացման մասին խոսք չկա, իսկ արտաքին պարտքը շեշտակի աճում է՝ հաջորդ տարի կհատի 7 միլիարդի սահմանը: Այդ դեպքում որտե՞ղ է Արամյանի տնտեսական աճը։ Երևանում գրեթե յուրաքանչյուր օր փոքր ու միջին բիզնեսներ են փակվում, ՓՄՁ-ները ձախողման են ենթարկվում, գնաճը անվերահսկելի է դարձել և պատճառաբանվում է բոլոր հնարավոր և անհնարին անհեթեթություններով: Կարելի է ենթադրել միայն, որ հարուստներն ավելի են հարստացել, և դրա հաշվին էլ խոսում ենք տնտեսական աճի մասին։ Ասել է, թե՝ հավասարների մեջ ավելի հավասարներն ուրախ են։ Դա է պատճառը, որ նախարարին գնաճն առանձնապես չի հուզում, նա ավելի գլոբալ խնդիր է լուծում՝ տնտեսական աճ է ապահովում. Գուցե դա նրա մոտ այդքա՞ն էլ լավ չի ստացվում, և գնաճը հենց Արամյանի ձախողված ֆինանսա-տնտեսական քաղաքականության արդյո՞ւնքն է, որը նա համառորեն չի ցանկանում ընդունել:
 
Ստելլա Խաչատրյան