Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը մի շարք պատճառներ ունի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

«Այն աղմուկը, որը տվյալ անձի շուրջ ամիսներ շարունակ ընթանում էր՝ խավիարային դիվանագիտություն, կաշառակերություն, իրենց դերակատարությունն ունեցել են, սակայն վճռորոշ դեր չեն խաղացել, այլապես՝ հրաժարականը տեղի կունենար աղմուկի բարձրացման ժամանակ: Կարծում եմ՝ կուտակվեցին մի շարք պատճառներ, որոնց ելքը հրաժարականն էր»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ միանշանակ է այն, որ խավիարասեր Պեդրո Ագրամունտի հրաժարականի հիմքում ընկած է նաև նրա այցը Սիրիա և հանդիպումը Նախագահ Բաշար ալ Ասադի հետ.«Լրատվական դաշտը շատ ավելի մեծ աղմուկ էր հանում և դժգոհություն էր արտահայտում հենց Սիրիա այցի շուրջ, ոչ թե Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների: Կարող ենք եզրակացնել, որ տվյալ քայլը շատ ավելի վնասակար է եղել՝ հաշվի առնելով հատկապես այն, որ նրա այցը Սիրիա՝ կապվեց ռուսների հետ, և որ ռուսական խորհրդով և հրահրումով է այցելել Սիրիա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է հաշվի առնել նաև եվրոպական կառույցներում և Արևմուտքում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը, որն, անշուշտ, իր դերն ունեցել է:

Պապյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ագրամունտը զրկվել է պաշտոնից հայկական կողմի բարձրաձայնած անօրինականությունների ու կաշառակերության մեղադրանքների արդյունքում. «Հայաստանի դերը եղել է պատճառներից մեկը, բայց ոչ վճռորոշը: Պարզապես հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ տեսեք, թե ինչպիսի դեպքեր են գրանցվել, այսինքն՝ պատահականություն չէ, որ այդ մարդը նման քաղաքականություն է իրականացնում»,- ասաց նա: 

Քաղաքագետի կարծիքով՝ Ագրամունտի հրաժարականը կանխատեսելի էր, թեև նա մշտապես ընդդիմանում էր՝ ասելով, թե հրաժարակ չի տա, բայց նրա հետ կապված սկանդալներն ի վերջո արդյունք տվեցին: Ըստ Պապյանի՝ ոչ ոք չի կարող բացառել բացասական երևույթները եվրոպական կառույցներում, բայց այն, որ դրանց հետևանքով հրաժարականներ են լինում, խոսում է ինքնամաքրման հնարավորության մասին:

Սոնա Հարությունյան