Գեղանկարիչ Հմայակ Բդեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին տեղեկացրին կառավարական հանձնաժողովից:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Շահումյանի գերեզմանատանը:

Գեղանկարիչ, խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը 92 տարեկան հասակում 2017 թվականի հոկտեմբերի 6-ին հեռացել է կյանքից:

Հմայակ Գուրգենի Բդեյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 28-ին, Թբիլիսիում: 1943-45 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-57 թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում: 1959 թ. տեղափոխվել է Երևան: 1961-64 թթ. դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից` գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ՝ Երևանի գեղարվեստի ակադեմիա): 
Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր` արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ: Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում: 1961 թ. 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը (1977 թ. Մատենադարանում տեղադրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները): Նրա հայտնի աշխատանքներից են«Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Այդ տարիներից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի, մրցանակների: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 
1985 թ. անհատական ցուցահանես է ունեցել Երևանում: 1967 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1985 թ.` ժողովրդական  նկարչի  կոչման:
Հմայակ Բդեյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասերների սրտերում: