Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները վերջերս փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային։ Ադրբեջանի նախագահն ակնարկել է Եվրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու մասին, գրեթե կրկնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կասեցման վերաբերյալ դիրքորոշումը։

Այս մասին նշված է  «Ռոսբալտ» գործակալության հրապարակած հոդվածում։

«Ալիևին նման անկեղծության դրդել է ԵՄ-ում Գերմանիայի դեսպան Ֆլյուգերը՝ նա խնդրել է Ալիևին արձագանքել այն տեղեկություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է  դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ նման գաղափարը  հնչել է ոչ թե պաշտոնական անձանց կողմից, այլ «ազատ ԶԼՄ-ների», որոնք կարող են լուսաբանել ցանկացած թեմա, սակայն իշխանությունները պետք է հաշվի առնեն հասարակության տեսակետը։ Ալիևը նաև ակնարկել է,  որ Եվրոպայի խորհուրդն ավելի բարյացակամ է Հայաստանի հանդեպ, քան Ադրբեջանի։

Իսկ Թուրքիայի նախագահը վերջերս հայտարարել էր, որ Եվրամիության  կարիքը չունի։  

Փաստորեն, Ալիևը և Էրդողանը, ընդհանուր առմամբ, դժգոհ են  հավաքական Արևմուտքից, իսկ Եվրոպայից մասնավորապես, որոնք մշտապես մարդու իրավունքների ոտնահարման համար քննադատում են Ադրբեջանին և Թուրքիային։ 

Ալիևի՝ ԵԽ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունից հետո անսպասելի  ձևով տեղեկություններով շրջանառվեցին, որ Ադրբեջանը պատրաստվում է  ԵԱՏՄ անդամ դառնալ։ Իսկ Եվրոպայից դժգոհ Թուրքիան  խոսեց Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու, իսկ հետո ԵԱՏՄ-ի հետ  մաքսային համաձայնագիր կնքելու մասին»,-նշված է հոդվածում։

Հոդվածագիրը փորձում է կանխատեսել, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ կազմից՝ նշելով, որ Եվրոպայից բաժանումը, նավթի գների անկման ֆոնին, Ադրբեջանի համար ֆինանսա-տնտեսական լուրջ կորուստներ կնշանակի։

«Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա քննադատությունների տարափ կսկսվի։  Հիմա Ադրբեջանի համար շատ կարևոր է, որ Եվրոպան չմիջամտի իր ներքին գործերին և նրա հետ վերջնագրերի լեզվով չխոսի»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ եզրափակում է  հոդվածագիրը։