ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
 
Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
 
Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը:
 
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: