2009 թվականին հոյտեմբերի 10-ին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, 8 տարի անց որևէ դրական տեղաշարժ չարձանագրվեց, ինչի մասին էլ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վերջնագիր ներկայացնելով թուրքական կողմին:

Անդրադառնալով այս արձանագրությունները չեղարկելու՝ հայկական կողմի պատրաստակամությանը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը նշեց. «Կարծում եմ՝ արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերություններն ավելի վատացան,  քան դրանից առաջ էին: Պարզ է այն, որ դրանք արդեն 8 տարի է՝ չի վավերացնում թուրքական կողմը, և այն փաստը, որ հայաստանյան իշխանությունները չեն ցանկանում որևէ հարաբերություն ունենալ թուրքական կողմի հետ, նշանակում է, որ իսկապես այդ կողմից դժգոհությունը շատ մեծ է: Իսկ ինչ վերաբերում է նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացված վերջնագրին, ապա ես գտնում եմ, որ  ակնկալել, որ թուրքական կողմը որևէ դրական քայլ կանի, անիմաստ է, հետևաբար, ճիշտ է չեղարկել այդ արձանագրությունները»,-ընդգծեց ՀՅԴ-ական պաշտոնյան: 

Ըստ Կիրո Մանոյանի՝ արձանագրությունների ստորագրման նախորդող օրը, նախագահ Սարգսյանն, անդրադառնալով հայ-թուրքական սահմանային խնդրին, նշել էր, որ այդ հարցը միջազգային պայմանագրերով է կարգավորվելու, ուստի, երբ արձանագրությունները դե յուրե առ ոչինչ հայտարարավեն, պետք է սահմանի հարցը բարձրացնենք: 

Կիրո Մանոյանի համոզմամբ՝ նախագահ Սարգսյանն այս գործընթացն այսքան արագ չէր սկսի, եթե չունենար մեկ այլ նպատակ, որն է՝ միջազգային հանրությանը ՀՀ-ն ներկայացնել որպես վստահելի գործընկեր. «Հայաստանը պետք է կես էջանոց փաստաթուղթ դնի Թուրքիայի առաջ և այլևս ժամանակ չվատնի թուրքական կողմի համար: Կես էջանոց նոր փաստաթուղթը երեք պարբերություն պետք է ունենա՝ այն է՝ երկու պետությունները որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, երկու պետությունները որոշել են ճանապարհները բացել և տնտեսական հարաբերություններ խորացնե,լ և երկու պետությունները որոշել են իրենց միջև առկա խնդիրները լուծել միայն միջազգային նորմերի համապատասխան»:

Քննարկման մասնակից, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ, անդրադարձավ թուրքական պետության և միջազգային գերտերությունների հետ լարված հարաբերություններին՝ նշեց, որ Թուրքիան փչացնում է իր հարաբերություններն աշխարհի հետ, Արցախի հարցով էլ սերտացնում է գործընկերությունը Ադրբեջանի հետ. «Ուստի՝ մենք պետք է միակողմանի առաջ տանենք մեր հարցերը և աշխատենք գոնե ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ հաշվի առնելով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները»: 

Ըստ Գրիգորյանի՝ հայկական կողմը պետք է օգտագործի Թուրքիայի և գերտերությունների միջև լարված հարաբերությունները՝ ի նպաստ հայկական կողմի: 

Աղավնի Սուքիասյան