Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։40-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Սուրիկ Հաջոյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 48 ՕD 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ Շարո Մամոյանը, Սերգեյ Հովհաննիսյանը և Եղվարդ քաղաքի բնակիչ Բելլա Հաջոյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից նախ տեղում ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Վարորդը shamshyan.com-ի հետ զրույցում ասել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով, ըստ վարորդի հայտարարության, դիմել է փախուստի։