«Հետխորհրդային տարածքում ժողովրդավարացման և անվտանգության խնդիրները շարունակում եմ մնալ խիստ օրակարգային: Քառորդ դարի փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր հետխորհրդային պետություններին է հաջողվել կառուցել ժողովրդավարական համակարգ և լուծել անվտանգության խնդիրները: Օրինակ՝ ԵՄ անդամ դարձած բալթյան երկրներում ժողովրդավարական առաջընթացը բավականին շոշափելի է: ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրած պետություններում ևս որոշակի դրական տեղաշարժեր ժողովրդավարացման առումով նկատվում են՝ չնայած առկա անվտանգության խնդիրներին»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն՝ անդրադառնալով հատկապես ԵԱՏՄ անդամ և դեռևս որևէ կառույցի չինտեգրված պետություններում ժողովրդավարության ցուցանիշներին, որոնք, ըստ քաղաքագետի, անկում են ապրում:

Վերջինիս դիտարկմամբ՝  նկատվում են ավտորիտարիզմի ամրապնդման միտումներ, հատկապես՝ բազմական (plural) հասարակական կառուցվածք ունեցող երկրներում, որտեղ էթնոկրատիկ ռեժիմների խորացման հեռանկարը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել տարածաշրջանային անվտանգության համար. «Այս ամենը միևնույն ժամանակ նշանակում է, որ ժողովրդավարության այն մոդելները, որ որդեգրել են այս երկրները, չեն կարողանում արդարացնել նախնական սպասելիքները: Իսկ վերջին շրջանում, որոշ հետխորհրդային երկրներում էթնոկրատական պրակտիկան դառնում է առավել ակնհայտ»:

Խոսելով ժողովրդավարության անցման փուլում առկա խնդիրների մասին՝ քաղաքագետը նշեց, որ ՀՀ գիտությունների ակադեմիայում ձևավորվել է մի հետազոտական խումբ, որը զբաղվում է այդ խնդիրների հետազոտությամբ և հիմնվելով համաշխարհային փորձի վրա՝ վերամշակում է ժողովրդավարացման մի մոդել, որտեղ հաշվի են առնվում նաև հետխորհրդային երկրների տեղական առանձնահատկությունները: «Խոսքը կոնսոցիատիվ ժողովրդավարության մոդելի ադապտացման մասին է, որը հաջողությամբ կիրառվում է եվրոպական (և ոչ միայն) որոշ բազմական պետություններում և վերջերս առիթ ունեցա մեր հետազոտական խմբի մշակումները և հետազոտական արդյունքները ներկայացնել Լեհաստանում Եվրահանձնաժողովի աջակցությամբ կազմակերպված՝ Արևելյան Եվրոպայի նախաձեռնությունների կոնգրեսում, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ և գիտնականներ գրեթե ամբողջ Եվրոպայից և հետխորհրդային երկրներից»:

Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ էին տեղյակ եվրոպացի մասնագետներն իրենց առաջարկած այս մոդելին, Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ հետխորհրդային  որոշ պետությունների ներկայացուցիչների համար կոնսոցիատիվ մոդելը նորույթ էր, և շատերը դրա մասին կա՛մ չէին լսել, կա՛մ ունեին մակերեսային պատկերացում: «Իհարկե, կոնսոցիատիվ մոդելը հետաքրքրական էր նրանց համար, բայց որոշ դեպքերում, քննարկումների ժամանակ, այս մոդելի առավելությունները փոքր-ինչ վերապահումներով էին ընդունվում՝ հասկանալի է քաղաքական պատճառներից ելնելով, քանի որ կոնսոցիատիվ մոդելը, որը հիմնվում է տարբեր հասարակական սեգմենտների՝ լեզվական, կրոնական, մշակութային լայն ինքնավարության և ներկայացուցչական համամասնության վրա, ինչպես նաև օժտում է նրանց փոխադարձ վետոյի իրավունքով, ենթադրում է պետական կառուցվածքի դաշնային ձև, ինչը ռիսկային էին համարում, օրինակ՝ Ուկրաինայի, Ադրբեջանի կամ Վրաստանի ներկայացուցիչները: Սակայն կուզենայի ընդգծել, որ կոնսոցիատիվ մոդելը խիստ դրականորեն ընդունվեց կոնգրեսի եվրոպացի, հատկապես գերմանացի մասնակիցների կողմից, ովքեր լրջորեն հետաքրքրվում էին դրա կիրառման հնարավորությամբ»,-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ սա պայմանավորված է նաև եվրոպացիների՝ տվյալ մոդելին քաջածանոթ լինելու և այն որոշ եվրոպական երկրներում՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Ավստրիա և այլն, գործնականում կիրառելու փորձով:

Ըստ քաղքաքագետի՝ եվրոպացի մասնագետների հետ իրականացված այս հետազոտական աշխատանքից հետո իրենց համար այս փորձի փոխանակումը բավականին արժեքավոր է, և իրենք կրկին համոզվեցին, որ այս ուղղությամբ Հայաստանի գիտատեսական աշխատանքները պետք է շարունակել: «Մենք համոզված ենք, որ հետխորհրդային երկրներում ժողովրդավարությունը պետք է չունենա այլընտրանք, հակառակ դեպքում՝ ավտորիտար և էթնոկրատական վարչակարգերի և անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի կխորանան՝ սպառնալիք դառնալով տարածաշրջանային խաղաղությանը: Վստահաբար կարելի է նշել, որ մեր եվրոպացի գործընկերները պատրաստակամ են մեզ աջակցել մեր հետազոտական աշխատանքներում՝ իրենց տեսական և գործնական փորձով: Մենք վստահ ենք, որ կոնսոցիատիվ մոդելի ներդրման համար անհրաժեշտ է հետխորհրդային բազմական պետություններում խթանել մասնակցային մշակույթը»: