HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը ((55 մլն եվրո)՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Գործարքը ՀԷՑ-ի՝ ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն՝ երկարաժամկետ հեռանկարում: Ամիսներ առաջ եկած նորությունն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իր բաժնեմասերի մոտ 70 տոկոսը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում ու Ասիական բանկում գրավադրելու և 80 մլն դոլար վարկ ստանալու մասին էր: Այս հարցը նույնպես բավականին ցավոտ խնդիր է մեր տնտեսության ու հասարակության համար, քանի որ ՀԷՑ-ն առանց այդ՝ ունի մոտ 100 մլն դոլարի վարկերի և փոխառությունների պարտավորություն, իսկ ևս 80 մլն դոլարն արդեն լուրջ պարտքային բեռ է դառնալու այդ ընկերության վրա: Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը և ընդհանրապես, հանրային ծառայության ոլորտի ցանկացած ընկերության վերցրած վարկը ժամանակի ընթացքում մարվելու է նրանց բաժանորդների՝ տվյալ դեպքում՝ էլեկտրաէներգիա սպառող մեր բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների գրպանից: Եվ ցանկացած նման խոշոր վարկ վերցնելուց հետո այդ ընկերությունները դիմում են սակագնային մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այդ գումարը սակագնի մեջ ներառելու, այսինքն՝ տվյալ ծառայության կամ ապրանքի մատակարարման սակագինը բարձրացնելու համար:
 
Չմոռանանք, որ ՀԷՑ-ը տարիներ առաջ 40 մլն եվրոյի վարկ է վերցրել իր նախկին սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից: Ընդ որում, այդ վարկը տրվել է չափազանց բարձր տոկոսադրույքով՝ 10 տոկոս, և այն մարելը բավականին թանկ է նստում ՀԷՑ-ի այսօրվա սեփականատեր «Տաշիր Գրուպ»-ի վրա: ՀԷՑ-ը նախորդ երկու տարիներին ունեցել է 20 միլիարդ դրամի շահույթ այն դեպքում, երբ այդ ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է: Իսկ վարկի համար 10 տոկոսը շատ բարձր դրույքաչափ է նման բարձր շահութաբերություն ունեցող ընկերության համար: Եթե միջազգային այդ դոնոր կազմակերպություններից վերցվելիք անհամեմատ ավելի ցածր տոկոսադրույքով վարկերը կմարեն ռուսական թանկ վարկը՝ դա անգամ հաջողված գործարք կարելի է համարել: Հիմնական վտանգն այստեղ ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ վարկատուներին անցնելու հնարավորությունն է. չմոռանանք, որ դրանք ռազմավարական նշանակության օբյեկտներ են: Արդյո՞ք պետությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ՝ այդ ռազմավարական օբյեկտների կառավարումն անհրաժեշտության դեպքում իր ձեռքում պահելու համար: Եթե ՀԷՑ-ն այս վարկերի ներգրավմամբ տեխնոլոգիական կորուստները հասցնի 8%-ի, դա անելու է ավելի շատ շահույթ ակնկալելով, այսինքն՝ այս վարկը չի կարող ազդել էլեկտրաէներգիայի թանկացման վրա: Բայց 2018-ին, երբ «Գազպրոմը» հանձնաժողովին հայտ կներկայացնի սակագնի վերանայման համար, նրանից հետո կդիմի նաեւ ՀԷՑ-ը, եւ այդ ժամանակ էլ պետք է ակնկալել նոր ցնցումներ էներգետիկ շուկայում:
 
 
Ստելլա Խաչատրյան