Երեւանի ավագանու այսօրվա նիստը թեժ պահեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Նախ նրանք ընդդիմացան ավագանու՝ Երևանի ավագանու որոշմանը, որով ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց, որից հետո էլ սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել քաղաքապետ Մագարյանի հասցեին:

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Կամո Հովհաննիսյանն, ի պատասխան ընդդիմադիր կանանց՝ հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից՝ Մարինա Խաչատրյանին, ով  վիրավորել է քաղաքապետին՝ նրան բնորոշելով որպես Երևանը քանդող քաղաքապետ: 

«Պահանջում եմ, որ այլեւս այդպիսի ռեպլիկներ չանեք, որովհետեւ եթե Դուք, որպես ավագանու անդամ, ցանկացել եք այս ավագանում մասնակցություն ունենաք, Դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, որ ես Ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը Ձեզ դատի տալու՝ Ձեր հերյուրանքների համար»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:

Միջադեպին միջամտեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը, շեշտելով. «Ես այլևս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով, աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք: Հաշվի առեք և ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի և մեր աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ»,- հոխորտաց  Կամո Արեյանը: 

Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամների հասցեին հնչեցրեց «բոզ» արտահայտությունը։