ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի: Այս մասին իր հոդվածում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

«ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է Հայաստանի հետ իր համագործակցությամբ և վերջին 25 տարվա զարգացումներով: Հիմնվելով մեր հաջողությունների վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը առավել ներառական, բարգավաճ և լավ կառավարվող հայաստանյան հասարակության կայացման ուղղությամբ»,-ասել է Դեբորա Գրիզերը` նշելով, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը:   

Նա իր հոդվածում ներկայացրել է 1992 թվականից Հայաստանում իրականացրած աշխատանքը: Դեբորա Գրիզերը նկատել է, որ 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության գործընկերությունը  զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն և ազատ շուկայական տնտեսություն դառնալու վերջինիս ճանապարհին: ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝  Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ԱՄՆ ՄԶԳ-ն, այլ միջազգային կառույցների հետ մեկտեղ, սնունդ, կացարան, դեղորայք և վառելիք տրամադրեց աղետից տուժածներին:  1992 թվականին, Հայաստանի անկախացումից հետո  հիմնադրվեց Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը, իսկ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան համագործակցությունը պաշտոնապես սկսվեց մարդասիրական օժանդակության ծրագրերից: 

Հայաստանի մասնավոր և պետական հաստատությունների զարգացման հետ զարգացավ և ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը: Այժմ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով և սատարում են հայաստանյան կողմի նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն ուղղակիորեն աշխատում է  Հայաստանի կառավարության, հայաստանյան կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ, և  համակարգված աշխատանք է կատարում այլ միջազգային դոնորների և կազմակերպությունների հետ՝ զարգացման մնացած մարտահրավերներին անդրադառնալու նպատակով: 

«Միասին մենք խթանում ենք  տնտեսական աճը ագրոբիզնեսի և տուրիզմի ոլորտում՝ գյուղի զարգացման միջոցով, և աջակցում ենք քաղաքացիական ավիացիայի, էներգետիկ անկախության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Մենք խթանում ենք ժողովրդավարությունն ու կառավարման բարելավումը՝  տեղական ինքնակառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն գործունեության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով: Միասին մենք խթանում ենք երեխաների պաշտպանության բարեփոխումները, ներառական կրթության համակարգը, և աշխատում ենք տուբերկուլյոզի, ինչպես նաև մայրական և մանկական մահացության բեռի նվազեցման ուղղությամբ»,-գրել է Դեբորա Գրիզերը:

Դեբորա Գրիզերն ընդգծել է, որ ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ Կառավարության, քաղաքացիների, միջազգային և տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել: