Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այցի ընթացքում Երևանում և Բաքվում հանդիպել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ամերիկացի համանախագահն այցելել էր նաև Ստեփանակերտ, հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Երկու նախագահները պատրաստակամություն են հայտնել վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները։ Նախագահների հանդիպման մասին առաջիկայում կհաղորդեն կողմերը»,- ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում։
 
Համանախագահների այս հայտարարությանն անմիջապես հետևեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը, տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով, ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց: Ու հիմա, ըստ Ալիեւի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից:
 
Պաշտոնական Երևանը թերևս պետք է պատասխանի հարցի՝ «վերադառնո՞ւմ» է արդյոք բանակցային սեղանի շուրջ, և արդյո՞ք դա նշանակում է, որ ստացվել են այն երաշխիքները, որոնք այդ վերադարձի պայմանն էին՝ միանգամայն համարժեք և անհրաժեշտ պայմանը: Ներկայում հարց է առաջանում, թե այս անգամ ինչպիսի՞ երաշխիքներ կան, որ Ալիևը չի շարունակելու բանակցությանը զուգահեռ մարդասպանությունը: Այդ երաշխիքը չկա, դրա վառ ապացույցն էլ այսօր եղավ՝ սահմանին կրկին զոհ ունենք: Իսկ քանի դեռ չկա երաշխիք՝ հիմք չկա ենթադրելու, որ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը և հայկական կողմը հրաժարվել է նախապայմաններից: Հիմքերի բացակայության մասին վկայում է այն, որ այս պահին Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում շատ ավելի ամուր են, քան Բաքվինը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ նման հայտարարություն հնչեցնելով, Ալիևը փորձում է դեմքը փրկել իր հանրության շրջանում, ցույց տալով, թե գնում է բանակցության, բայց չի տրվում Հայաստանի պայմանին: Բանակցությունը ելք է նրա համար, քանի որ միայն այդպես նա կարող է բացատրել իր հանրությանը, թե ինչո՞ւ չի պատերազմում, եթե իր ուժով գերազանցում է Հայաստանին: Հայաստանն էլ, գիտակցելով Բաքվի կրտսեր սուլթանի իրական նպատակները, կարող է աչք փակել նրա կողմից՝ սեփական հանրությանը մոլորեցնելու ցանկության վրա. ի վերջո՝ դա հենց ադրբեջանցիների խնդիրն է:Ալիևը չի կարող առկախել Հայաստանի նախապայմանները նաև այն պատճառով, որ դրանք ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՀԿ Մինսկի Խմբի առաջարկներն ու պայմաններն են, որոնց, ի դեպ՝ Ալիևը սկզբունքային համաձայնություն է տվել:
 
 
Ստելլա Խաչատրյան