Հանուն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու և բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է: Վերջին շրջանում ՀՀԿ-ականների անբռնազբոսիկ պահվածքը կարծես սովորական երևույթ է դարձել: Հիշենք վերջին դեպքերը՝ ԱԺ-ում Արտաշես Գեղամյանի մարտն առանց կանոնների, Երևանի ավագանիում հավերժ փոխքաղաքապետ Արեյանի հայհոյանքը՝ ուղղված ավագանու ընդդիմադիր խմբակցության կին անդամներին: Ընդ որում՝ ՀՀԿ-ի համար սա ոչ միայն պախարակելի չէ, այլ իշխող կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ արդարացման խոսքեր են գտնում իրենց կուսակից և ինչպես երևում է՝ գաղափարակից ընկերների համար:

Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկվար Վահրամ Բաղդասարյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հենց ՀՀԿ-ականներն են տարբեր համակարգերում իրենց անպարկեշտ վարքագծով հակադրվում քաղաքական մշակույթին, Բաղդասարյանը հակադարձեց. «Միայն մատնանշում եք դա, սակայն դրդապատճառը չեք ասում. ընդդիմադիրների ասածները չեք ֆիքսում»: Սա հիշեցնում է հայտնի  ներկայացման մեջ Կարպ Խաչվանքայնի մարմնավորած հերոսի խոսքերը՝ «Մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից, իմ կինը որ լացող կին չտեսնի՝ չի լացի»: Հիմա նույն տրամաբանությամբ էլ առաջնորդվում է Բաղդասարյանը: Ստացվում է՝ հանրապետականների ցածր ինտելեկտի, տարրական էթիկայի բացակայության մեջ մեղավոր է հայրենի ընդդիմությունը: Իշխանությունների մոտ միշտ էլ ընդդիմությունն է մեղավոր, սակայն սա այդ դեպքը չէ: Վերջին շրջանում արձանագրված խայտառակ միջադեպերը վկայում են այն մասին, որ հանրապետականների մենթալիտետը, քաղաքական մշակույթը և մտածելակերպը չեն համատապասխանում այն առաջադեմ օրինագծերին, որոնք նրանք առաջ են քաշում: Երևի թե ճիշտ կլինի բռնության դեմ պայքարը սկսել հենց ՀՀԿ շարքերից…

 

Ստելլա Խաչատրյան