Օրերս Երևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում էին շուրջ 1000 թափուր աշխատատեղ: Նախարարությունում նախընտրում են չխոսել նման միջոցառման արդյունավետության մասին, քանի որ իրականում այդ արդյունավետությունը գրեթե զրոյական է: Փոխարենը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առիթը բաց չի թողնում շեշտելու համար, որ ինքն այս ձևաչափը համարում է ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը թե՛ գործատուի, և թե՛ աշխատանք փնտրողի տեսանկյունից: «Տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում են շուրջ 1000 թափուր աշխատատեղ և կարծում եմ՝ բազմաթիվ աշխատանք փնտրողներ կօգտագործեն այս հնարավորությունը և կգտնեն իրենց գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարը, իհարկե, քաջատեղյակ է, որ իր կողմից այդքան գովաբանված աշխատանքի շուկաներ այցելող գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության, շինարարության և ճարտարապետության, թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետները: Բայց արի ու տես, որ վերջիններիս առաջարկվում է բանվորի կամ մաքրուհու աշխատանք, ինչը, համաձայնե՛ք, բարձր որակավորում ունեցող մասնագետի համար, մեղմ ասած, ընդունելի չէ: Հետևաբար, ո՞րն է իրականում նման աշխատաշուկաների կազմակերպման նպատակը, եթե գործազրկության ցուցանիշը որևէ կերպ չի նվազում, իսկ քաղաքացիներն ընդամենը հերթական առիթն են ունենում դժգոհելու Արտեմ Ասատրյանի՝ զբաղվածության քաղաքականությունից: Իհարկե, նախարարը կարող է ասել, որ գործազուրկների թիվն իր ազգանվեր աշխատանքի շնորհիվ պակասել է 6000-ով, սակայն արդյո՞ք նախարարությունը կարող է հիմնավոր փաստեր ներկայացնել, որ վերոնշյալ քաղաքացիները ապահովվել են աշխատանքով, և, ասենք, չեն արտագաղթել երկրից: Գուցե հենց այդպե՞ս է Արտեմ Ասատրյանը ցանկանում լուծել զբաղվածության խնդիրը՝ չկա քաղաքացի, չկա նաև նրան աշխատանքով ապահովելու անհրաժեշտություն…

 

Ստելլա Խաչատրյան