ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ համաժողովի ընթացքում կլինեն նոր համագործակցություններ մասնակից երկրների մասնագետների միջեւ: «Կարծում եմ համաժողովը կծառայի իր նպատակին: Այն բարեկամանալու,ընկերանալու լավագույն վայր է: Կարեւորն այն է, որ մեր օտարերկրյա բարեկամները կներկայացնեն այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք արձանագրվել են սրտաբանության ոլորտում: Ուզում եմ նաեւ հավատալ, որ այս օրերը կլինեն Հայաստանը տեսնելու, վայելելու եւ նոր հաջողություններ արձանագրելու ժամանակահատված»,-ասաց նա:

Հանրահայտ սրտաբան Փոլ Բարագանի խոսքով` այս տարի անցկացվող երկօրյա համաժողովին տեսականորեն եւ գործնականորեն անդրադարձ կկատարվի սրտանոթային ամենատարբեր խնդիրներին: «Մենք գործնականորեն կփորձենք պատասխան տալ բազմաթիվ կլինիկական խնդիրների: Ես առաջարկում եմ բոլորիս ուշադիր լսել միմյանց»,-ասաց նա:

Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում է 38 օտարազգի եւ սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից եւ Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը , մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը: