Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով ԱԺ պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար: Նա, որպես անշարժ գույք, հայտարարագրել է Սպիտակ քաղաքի Երեւանյան եւ Թումանյան փողոցներում գտնվող շենքերում 220 քմ եւ 1500 քմ տարածք, Սպիտակ քաղաքի նույն փողոցների վրա եւ Վանաձորի խճուղում ունի 3 հողամաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել 2007 թ-ի 1 Infiniti QX 56 տեսակի ավտոմեքենա, որի շուկայական գինը մոտ 13 հազար 300 ԱՄՆ դոլար է:Վանիկ Ասատրյանի միակ եկամուտը, համաձայն հայտարարագրի, գոյացել է աշխատավարձից: Իր պաշտոնում նա ստացել է 6 միլիոն 829 հազար 787 դրամ աշխատավարձ: Հատկանշական է, որ Ասատրյանը ոչ մի լումա դրամական միջոց չի հայտարարագրել:
 
Հայաստանում պատգամավորները ստանում են անհամեմատ բարձր աշխատավարձ՝ սոցիալական ընդհանուր անապահով միջավայրում, եւ համարվում է, որ հանրային միջոցներով ձեւավորված պետական բյուջեից չպետք է նրանց վրա լրացուցիչ ծախս արվի: Նրանց գերակշիռ մեծամասնությունն աշխատավարձի հույսին չէ՝ մանդատը նրանց պետք է կամ եղած բիզնեսների բարգավաճման, կամ նորերը ձեռք բերելու համար: Մեր պատգամավորները դոլարային միլիոնատերեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել: Թե ինչ են իրենք տվել այդ պետությանը, թերևս պարզ է՝ ոչինչ: Այն երկրում, որի արտաքին պարտքը տարեկան աճում է միջինը 1 մլրդ դոլարով, որի բյուջեի ամեն լուման կենսական նշանակություն ունի, որի բնակչության ուղիղ կեսը աղքատ է` 600 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող պատգամավորին նաև բնակարանի վարձի փոխհատուցում տրամադրելը շքեղություն է: Բայց այն, թե ինչ կմտածի իրենց մասին հանրությունը, պատգամավորներին բնավ էլ չի հուզում, չէ՞ որ հայ պաշտոնյաների՝ տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթը հետևյալն է՝ ուտել, ուտել և էլի ուտել…
 
Ստելլա Խաչատրյան