Մինչ մենք խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջոցով աշխարհը շուռ տալու մասին, Հայաստանի տնտեսության ավանդական և կարևոր ոլորտներից մեկն ինքն է «շուռ գալիս», ընդ որում՝ կայուն ու շեշտակի, բայց աննկատ։ Խոսքը Հայաստանում ցեմենտի արտադրության մասին է։ Հայաստանը, որտեղ ցեմենտի երեք մեծ գործարան կա, սկսել է այդ ապրանքը ներկրել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ցեմենտի ներկրման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավական ավելացել են: Այս տարի ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ,մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6 հազար 856 տոննա:
 
Այո, որքան էլ զավեշտալի լինի, վերջին 10 տարիների ընթացքում մենք ինքներս ենք սկսել ավելի շատ ցեմենտ ներմուծել։ Եթե մինչև 2012թ.-ը տարեկան ներմուծում էինք 1.3-1.5 հազար տոննա ցեմենտ, ապա 2013-ին Հայաստան է ներմուծվել 3.1 հազար տոննա, 2014-ին՝ 7.5 հազար տոննա, 2015-ին՝ 12.3 հազար տոննա, 2016-ին՝ 30.1 հազար տոննա ցեմենտ (հետաքրքրվողների համար նշենք, որ ցեմենտը ներմուծվում է հիմնականում Իրանից)։ Հայաստանում արտադրությամբ զբաղվելն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ ինքնարժեքն այդ դեպքում բարձր է լինելու՝ առաջին հերթին էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների, նաև՝ հարկային դաշտի պատճառով: Ուստի, շատերը գերադասում են այդ ապրանքն արտերկրից բերել: Մինչ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոսում է ներմուծումը տեղական արտադրանքով ու արտահանմամբ փոխարինելու մասին, ցեմենտի ոլորտում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Եվ եթե ամեն ինչ նույն տեմպով շարունակվի՝ հաշվի առնելով նաև շինարարության ոլորտի անկումն ու ցեմենտի նկատմամբ ներքին պահանջարկի նվազումը, չի բացառվում, որ մոտ ապագայում չունենանք ցեմենտի արտադրություն և ինքներս վերածվենք ցեմենտ ներմուծող երկրի։
 
 
Ստելլա Խաչատրյան