«Համահայկական բնապահպանական Ճակատը» Բնապահպանության նախարարությունից պահանջում է հանրայնացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի 11 թեկնածուների ազատ հրապարակման ենթակա տվյալները:

Ճակատի տածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ինչպես տեղյակ եք 2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին' խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների'

1. ծննդյան տարեթիվը,

2. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,

3. ԲՈՒՀ-երի անվանումները եւ բարձրագույն կրթություն ստանալու տարեթեւերը,

4. գիտական կոչումները,

5. հրատարակված գիտական հոդվածների ցանկը,

6. մասնագիտական եւ աշխատանքային փորձը,

7. կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը»: