Օրերս «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել նրանց և այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն-տնակը։ Ըստ տեղեկությունների, միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խնդրի էության մեջ խորանալու փոխարեն, ավելի նպատակահարմար է գտել հայտարարել, որ դա ոչ ավել, ոչ պակաս՝ դավադրություն էր անձամբ իր դեմ: Մինասյանը ոչ մի գնով չի ցանկանում ընդունել այն փաստը, որ համատարած ծառահատումների դեպքերի առնչությամբ ինքն էլ ունի պատասխանատվության մեծ բաժին: Երբ նրան հարցնում են այդ մասին, ընկեր Արծվիկը սկսում է խոսել երևույթին նպաստող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին: Նա դեռ շատ հանգիստ հայտարարում է, թե «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների զգալի մասը 1-2 անգամ արդեն դատապարտված է: Նա նաև ասել է, որ նախորդ տարիներին, նաև հիմա՝ կան հարուցված քրեական գործեր, տասնյակ մարդիկ քրեական ու վարչական պատասխանատվության են ենթարկվել: Դիլիջանի ազգային պարկի տարածքը, որը հատուկ պահպանվող գոտի է, կարծես ծառերի հատատեղի է դարձել: Ի վերջո, ազգային պարկին հարող բնակավայրերում բոլորն էլ գիտեն, թե ով է զբաղվում փայտի բիզնեսով, եւ պետական պաշտոնյաներից ով է նրա տանիքը: Դա գիտի նաև Արծվիկ Մինասյանը, սակայն զոհի կարգավիճակով հանդես գալն իհարկե ավելի հարմար է: Մինչդեռ այն, ինչ այսօր կատարվում է «Դիլիջան» Ազգային պարկում, մեկ օրում չի ի հայտ եկել և ուղղված չէ որևէ մեկի դեմ: Պարզապես, տարիներ շարունակ, պատկան մարմինները համառորեն աչք են փակել համատարած ծառահատումների, թալանի, փայտանյութի անօրինական վաճառքի վրա: Պատժելիս էլ, որպես կանոն, պատժել են մեկ-երկու ցախ գողացած քաղաքացիների: Հիմա արդեն իսկ հասկանալի է, որ խնդրին համապարփակ լուծում է անհրաժեշտ, որ «ոչ»-ով մարդկանց այլևս չես կանգնեցնի, իսկ եթե նախարարությունը շարունակի իր ավանդական գործելաոճը՝ դիլիջանյան «ապստամբությունը» կարող է կրկնվել, այս անգամ՝ շատ ավելի մեծ ծավալներով և ցավալի հետևանքներով:

 

Ստելլա Խաչատրյան