Շատերը նկատած կլինեն, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ, օրերս Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված ռուս ուղղափառ եկեղեցու բացումը բավական լայն ռեզոնանս  է ստացել հայկական  ԶԼՄ-ներում: Ընդ որում, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, հնչող գնահատականներում նկատվում է միմյանցից տրամագծորեն տարբեր, միմյանց հակադրվող մտքեր. որոշներ, ըստ էության, ելնելով ինչ-որ հետին նպատակներից, ամեն կերպ փորձում են ռուսական եկեղեցու բացումը հակահայկական որակել՝համարելով այն իբր Հայաստանի ինքնուրույնությունը ևս մեկ անգամ նվաստացնող  քայլ և այլն:

Արա Աբրահամյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում, ուր նաև անդրադարձ էր կատարվել այս թեմային,   բավական լուրջ ու խորքային ուղերձներ է փորձել հղել  հանրությանը՝ պարզաբանելով նաև այն հինական նպատակն ու գաղափարը, որն ընկած է եկեղեցու բացման հիմքում: Աբրահամյանի մեսիջն, ըստ էության, մեկն է. եկեղեցին խորհրչանշելու է հայ և ռուս ժողովուրդների անխախտելի բարեկամությունն ու մարմնավորելու է այն ընդհանուր արժեհամակարգը, որն ընկած է երկու ժողովուրնդների հարաբերությունների հիմքում: Իրականում, ընդառաջ գնալով ռուսական կողմին՝ Հայաստանը ոչ թե հրաժարվում է իր ինքնուրույնությունից  կամ, առավել ևս, սեփական դեմքից, այլ ամրապնդում է այն կապերը, որոնց միջոցով է նաև հնարավոր դառնալու մեր երկրի առաջընթացը: Ավելին՝ Աբրահամյանի խոսքից պարզ է դառնում, որ նա, ինչպես ոչ ոք, հատկապես կարևորում է Հայաստանի ինքնուրույնության ամրապնդումը ոչ թե խոսքերի, այլ ռեալ գործերի մակարդակով, որի պարագայում է միայն հնարավոր դառնալու հավասար պայմաններում երկխոսություն ծավալել ցանկացածի հետ:

Ակնհայտ է, որ Հայաստանի հզորացման նվիրական գործը որևիցե կերպ չի կարող գլուխ գալ, եթե երկիրը ինտեգրվելու փոխարեն միտված է լինելու կղզիացման: Գործընկերների հետ հարաբերությունները խորացնելով, նրանց վստահությունն ու համակրանքը վաստակելով է, որ հնարավոր է դառնալու բարձրացնել Հայաստանի սուվերենության մակարդակն, այլ ոչ թե ընդհակառակը: Վերջիվերջո, ո՞ր երկիրն է այսօր համարվում առավել ինքնուրույն կամ իրենից ինչ-որ բան ներկայացնող:

Միայն այն երկիրը, որն անշեղորեն ընթանում է զարգացման ուղիով, որի տնտեսությունը ծաղկում է, որտեղից ոչ թե հեռանում են, այլ ուր  շտապում են վերադառնալ: Հանդիսանո՞ւմ է, արդյոք, այսօր Հայստանն այդպիսի երկիր, իհարկե՝ ոչ, հանգամանք, որը չի կարող մտահոգություն առաջ չբերել: Կա՞ն, արդյոք, այսօր ուղիներ, այս իրավիճակը շտկելու, ճահճից երկիրը դուրս բերելու համար: Իհարկե՝ կան:

Պարզապես հարկավոր է հմտորեն օգտվել  ընձեռնված հնարավորությունից, կենտրոնացնել ռեսուրսներն ու ստեղծել Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ անսխալ իմիջ: Նույն Եվրասիական տնտեական համաժողովի կազմակերպման ողջ իմաստն ու նպատակը կայանում էր դրանում. Հայաստանն աշխարհին ներկայացնել միանգամայն այլ գույներով, ի ցույց դնել օտարներին մեր երկրի հնարավորություններն ու տեսանելի դարձնել առավելությունները: Իսկ անել դա առանց համապատասխան մթնոլորտ ապահովելու, անել դա առանց հավելյալ կամուրջներ կառուցելու՝ ուղղակի չի ստացվի:  Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան՝  առանց ընդհանուր արժեքների ցանկացած միություն՝ լինի աշխարհաքաղաքական, թե  աշխարհատնտեսական, չի կարող կայանալ: Հետևաբար, եկեղեցու կառուցումը, բացի  իր հոգևոր նշանակությունից, որն, անկասկած, չափազանց կարևոր է, ունի նաև այլ, միգուցե շատերի աչքի համար անտեսանելի խորքեր:

Խելացի գտնվելու պարագայում մենք կարող ենք, ունենք իրական պոտենցիալ՝ մեծացնելու սեփական կշիռը ԵՏՄ-ում, դառնալ դրա տնտեսական կենտրոններից մեկը: Կկարողանա՞նք օգտվել մեզ ընձեռնված հնարավորությունից, ուրեմն՝ կբռնենք դարի քննությունը, չենք կարողանա, կգտնվենք նեղմիտ՝ կշարունակենք անվերջ թվացող դեգերումները: Սա է իրականությունը, ու սրա դեմ ոչ ոք չի կարող հակափաստարկ ներկայացնել՝ անկախ անձնական նախասիրություններից…

 

Էռնեստ Ջանփոլադյան