Երբ ՀՀ մշակույթի նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը, քիչ չէին մարդիկ, ովքեր նրա հետ որոշ հույսեր էին կապում, ավելին, անգամ համոզված էին, որ նա կկարողանա բարեփոխել համակարգը: Հետաքրքիրն այն է, որ լավատեսության միակ հիմքը նրա պուպուշ լինելն էր եւ մանկական ժպիտը: Խոստովանենք, որ այսօր կառավարությունում, եզակի բացառություններով, պատահական եւ քաղաքականությունից ու Հայաստանում տեղի ունեցած անցուդարձից հեռու կանգնած մարդիկ են: Նրանք հայտնվեցին կառավարությունում, երբ մենք չգիտեինք, թե ովքեր են նրանք եւ ինչ պատկերացումներ ունեն երկրի զարգացման, իրենց ղեկավարած ոլորտի վերաբերյալ: Բացառություն չէ Արմեն Ամիրյանը: Հիմնվելով միայն նրա «պուպուշիկ» լինելու, նույնիսկ համեմատաբար երիտասարդ լինելու վրա, ոմանք վստահ էին, որ ինչ-ինչ, բայց նա արգելելու, փակելու, վերահսկելու, ճնշելու հետ որեւէ կապ չի կարող ունենալ: Արմեն Ամիրյանի ժպիտի ետեւում, սակայն, պարզվում է՝ թաքնված է խորհրդային բռնաճնշիչ պոլիտբյուրոյականը:
 
Նա հայտարարում է, թե Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Նախ, սկսենք նրանից, թե ինչու պետք է Մշակույթի նախարարությունը ՊՈԱԿ-ներ ունենա, եւ հետո՝ նրանք ինչու պետք է ցուցահանդեսները համաձայնեցնեն նախարարի, նախարարության հետ: Տպավորություն է, թե Արմեն Ամիրյանը մնացել է 1989 թվականում եւ այդպես էլ ոտք չի դրել անկախ եւ ազատ Հայաստան: Ամիրյանի մյուս գլուխգործոցը «Խավարում» ցուցահանդեսն արգելելն էր: Անհարմար վիճակից դուրս գալու համար Ամիրյանը խոստացավ, որ այն շուտով կվերաբացվի, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ կազմակերպչական: Երեկ, սակայն, Ամիրյանը շտապեց դրժել իր իսկ տված խոստումը, հայտարարելով, որ ցուցահանդեսի բացում ակնկալել պետք չէ: Ինչ խոսք՝ մարդուն չես մեղադրի. մի բռնաճնշվածն էլ ինքն է, քանզի նման ստահոդ արդարացումներից, «կրուտիտներից» հետո ակնհայտ է՝ ցուցահանդեսը արգելելու որոշումը Ամիրյանը չի կայացրել, ավելին՝ այն անգամ Հայաստանում չի կայացվել: Բայց այս փաստը Ամիրյանին որևէ կերպ անհարմար դրությունից չի փրկում: Մենք վերջին օրերի ընթացքում համոզվեցինք, որ բարի ժպիտով Արմեն Ամիրյանը բարեփոխիչ չէ: Ընդհակառակը, նա գրաքննիչ է՝ բառի ամենավատ իմաստով: Նա ցուցահանդես փակող է: Նա կինոփառատոնից ֆիլմ հանող է: Մոտ մեկ տարի է, ինչ նախարար է, եւ չկա մեկը, որ կարող է մատնացույց անել մի դրական տեղաշարժ, մի ռեֆորմիկ նրա ղեկավարած ոլորտում: Կոմսոմոլից մշակութային բարեփոխում սպասելը չարդարացված լավատեսություն է:
 
Ստելլա Խաչատրյան