Օրերս մամուլում տեսանյութ տարածվեց, որտեղ պարզ երևում է, որ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան  թիվ 71 հիմնական դպրոցի պատին հայերեն այբուբենի կողքին փակցված է ռուսերեն այբուբենը, ինչն առաջացրեց ռուսաց լեզվի նկատմամբ ատելությամբ լցված հայ ժողովրդի ռադիկալ ընդդիմադիր զանգվածի զայրույթը։ Իշխանությունների կողմից ռուսերենի տարածման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ փորձը ցույց տվեց, որ հայ հանրությունն այստեղ ինքնորոշման խնդիր է տեսնում, և մեր իշխանությունները հանդես եկան հակառակ հայտարարություններով՝ փորձելով քիչ թե շատ շտկել իրավիճակը: Եվ կարծես հաջողվեց դա անել։

Ոգևորված լինելով հանրության դժգոհությունները զսպելու հաջողությամբ, փաստորեն, ռուսերենի ջատագովները կարծես թե որոշել են ամեն դեպքում ետ չկանգնել ռուսերենի տարածումից և իշխանությունները նորից գործի են դրել իրենց վարչական լծակները, տվյալ պարագայում՝ վերոնշյալ դպրոցի տնօրենին՝ Գայանե Դեմիրյանին։  Այս տեսակետն ավելի համոզիչ է դարձնում այն հանգամանքը, որ Գայանե Դեմիրյանի անունը տեղ էր գտել նաև  ընտրակեղծիքներով զբաղված տնօրենների «պատվավոր» ցուցակում։ Եվ նախընտրական շրջանում անձնուրաց նվիրվածությունը հարազատ կուսակցությանը՝ իր դրսևորումներն է գտնում նաև այլ ձևաչափերում։Լրագրողների հարցերին առ այն, թե ի՞նչ նպատակով է ռուսերեն այբուբենը տեղ գտել իրենց դպրոցի պատին, տնօրենը պատասխանեց, որ  Երևանի բազմաթիվ վայրերում առկա են անգլերենով ցուցանակներ։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Երևան քաղաքի բոլոր անգլերեն ցուցանակները ուսուցողական կամ դաստիարակչական բնույթ են կրում. իհա՛րկե ոչ: Ստացվում է՝ եթե Երևան քաղաքում իտալական մշակույթի կոթողներ շատ լինեին, չէր բացառվում, որ տնօրենի նախաձեռնությամբ դպրոցի բակում Միքելանջելոյի «Դավիթ»-ը կանգնեցնեին. «Դավիթը» գոնե ինչ-որ ուսուցողական տարրեր պարունակում է իր մեջ։ Ամեն դեպքում՝ տնօրենի այսչափ անտրամաբանական պատճառաբանությունը խոսում է իրողության ավելի խորը դիտարկման անհրաժեշտության մասին։ Կարող ենք նաև արձանագրել, որ ՀՀԿ-ն ավելի հնարամիտ կամակատարների կարիք ունի, այլապես՝ բոլոր մութ գործերը վերջին ամիսներին, հատկապես տնօրենների միջոցով՝ ջրի երես են դուրս գալիս։

Վաչիկ Գրիգորյան