ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին հանրապետության երեք մարզերում` Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում գրանցվել են ուժեղ քամիներ: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լոռիում ուժեղ քամիներ են գրանցվել եւ դրանց հետեւանքով երկու քաղաքներում` Ստեփանավանում եւ Տաշիրում ավերածություններ են արձանագրվել: «Ստեփանավան քաղաքում քամու հետեւանքով կոտրվել են էլեկտրասյուներն ու ընկել գազատարի վրա, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,-ասաց նա՝ հավելելով, որ Տաշիր քաղաքում եւս ավերածություններ են եղել, որոնց չափերը դեռ ճշտվում են:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ` մարզում որեւէ ավերածություն չի գրանցվել:

Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դիլիջան քաղաքից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ ինչպես եւ նախապես զգուշացվել էր, նշված երեք մարզերում քամու ուժգնացում գրանցվել է: Հոկտեմբերի 17-ին նման երեւույթներ չեն սպասվում: