Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այն համոզման է, որ երեկ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը Արցախյան համակարտության հարցում քայլ առաջ էր, քանի որ դրանով հիմք դրվեց բանակցությունների մի նոր փուլի. «Ասվածի ապացույցը նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հրապարակած ֆոտոսեսիան էր և հատկապես Սարգսյան-Ալիև բացօթյա զրույցի լուսանկարը, որով մեսիջ էր ուղղվում պետություններին առ այն, որ Արցախի հարցում նոր փուլ է սկսվում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ մինչ այս պահը ադրբեջանական որևէ պաշտոնական հարթակ չի հրապարակել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հայտարարության տեքստը, ինչը զարմանալի է, քանի որ, սովորաբար, նման հանդիպումներին հաջորդում են բրիֆինգն ու պաշտոնական տեքստերի հրապարակումը. «Սա նշանակում է, որ ինչ-որ բան է կատարվում: Պետք է նշեմ, որ Ալիև-Սարգսյան բացօթյա զրույցի լուսանկարը հրապարակել էին նաև ադրբեջանական կայքերը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները զրուցում էին հոգով»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպելով, համանախագահները երկու երկրներին տվեցին այն, ինչ նրանք այդ պահին ուզում էին:

«Կարծում եմ՝ այն, որ այս լուսանկարը հայկական կայքերից վերցեցին և օգտագործեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, վկայում է ռեսթարթի մասին և վկայում այն, որ ադրբեջանական կողմը թուլացնում է ագրեսիան և լարվածությունը»,-նման տեսակետ հայտնեց Հակոբյանը:  

Բանախոսի խոսքով՝ Արցախյան հակամարտության հարցում սկսվում է մի  նոր գործընթաց, և, թեև հստակ չէ, թե նախկինում ձեռք բերված որ պայմանավորվածություններն են դառնալու այս նոր մեկնարկի հիմքը, սակայն ակնհայտ է, որ կան նաև որոշակի չհասկացված բացեր՝ հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստում. «Ինձ համար մինչ այս պահն անհայտ է մնում նախագահի այն դիտարկումն, ըստ որի, պայմանավորվել են, որ Արցախը չի համարվելու Ադրբեջանի մաս: Իրականում ի՞նչ կար սրա տակ թաքնված՝ ես այդպես էլ չհասկացա»,-իր մտահոգությունը կիսեց քաղտեխնոլոգը: 

Աղավնի Սուքիասյան