Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» ԲԲԸ կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Այս մասին հաղորդում է mk.ru կայքը։

Գործարարը սպանվել է հոկտեմբերի 16-ի 11:00-ին իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից: Ըստ ոստիկանության տվյալների՝ մինչև կրակոցները հարձակվողի եւ զոհի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել:

Կասկածյալն արդեն ձերբակալվել է: Նրան հարցաքննում են, իսկ հանցագործության շարժառիթը դեռևս հայտնի չէ: 

Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության  ներկայացուցիչը: ԽՍՀՄ սպորտի վարպետը բռնցքամարտի գծով ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում և դարձել համամիութենական մրցումների հաղթող, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:

90-ականներին նա տեղափոխվել է Մերձկարպատներ: Ղեկավարել է տեղի «Արարատ» հայկական մշակութային միությունը:

Նշենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը եղել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի տեղադրման նախաձեռնողը: