Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Բաղրամյանի վարչական տարածքում ЗИЛ 130 մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի գազաբալոններով բարձված ավտոմեքենան, դեռևս անհայտ պայմաններում, հայտնվել է ձորակում և գազի ուժեղ արտահոսք է սկսվել:

Ոստիկաններն ու փրկարարները նշված հատվածում հսկողություն են կատարում, որպեսզի քաղաքացիները չմոտենան ձորում հայտնված ավտոմեքենայի մոտ, քանի որ գազաբալոններից ուժեղ գազ է դուրս գալիս և տարածքում գազի հոտ է տարածվել: Փրկարարները պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչև բոլոր գազաբալոնները դատարկվեն, որ հետո միայն կարողանան ավտոմեքենան անվտանգ դուրս բերել երթևեկելի գոտի:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Դավթյանին: Թե ինչն է եղել մեքենայի՝ ձորում հայտնվելու պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասում էին. «Երջանիկ պատահականություն է, որ պայթյուն տեղի չի ունեցել, հակառակ դեպքում՝ պայթյունն իր աղետալի հետևանքները կթողներ շրջակա միջավայրի ու բնակչության վրա»: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com