Առաջնորդն իր շուրջը պետք է առաջնորդներ ստեղծի, ոչ թե հետևորդներ: Դա հաջողակ առաջնորդի ամենամեծ տարբերանշանն է: Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով հանրային դասախոսության առավել ուշագրավ հատվածները:

Հանրային առաջնորդության երեք կարևոր բաղադրիչ Վիգեն Սարգսյանից

Առաջին` գիտակցումը, որ դու չունես «քո հանրություն» և «ոչ քո հանրություն», այլ ունես մեկ ամբողջական հանրություն, որին պատասխանատու ես քո յուրաքանչյուր քայլի համար: Երկրորդ՝ դու չունես շքեղություն կայացնելու որոշումներ, որոնք կարելի է իրականացնել, կարելի է և չիրականացնել. քո կայացրած որոշումները պարտադիր են իրականացման համար, որովհետև ստանում են օրենքի ուժ: Երրորդ՝ պարտավոր ես ունենալ հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ՝ հասկանալու քո գործունեության արդյունավետությունն ու քո առաջարկած քաղաքականության մեջ հնարավոր դրական ու բացասական ազդեցությունները:

Բոլոր առաջնորդներին բնորոշ երեք կարողություն

Տեսլական, որը համոզիչ է ու կարող է մարդկանց տրամադրել ստեղծագործ աշխատանքի:

Հսկայական աշխատունակություն, ոչ թե աշխատասիրություն, այլ կարողություն այդ աշխատասիրությունը կյանքում իրականացնելու, որովհետև դա հսկայական ծավալ ու բեռ է:

Հսկայական համբերություն. հանրության այն հատվածը, ով քեզ քվե չի տվել, ևս քոնն է ու դա պահանջում է համբերություն այդ հատվածի ներգրավումն արդյունավետ դարձնելու համար:

Առաջնորդությունը կենսաձև է

Առաջնորդությունն աշխատանք չէ, չկա աշխատանքային ժամ, երբ դու առաջնորդ ես, և ժամ, որից հետո ազատ ես ու կարող ես ապրել քո պատկերացրած կյանքով: Առաջնորդությունը կենսակերպ է` քո միտքը, խոսքն ու գործը պետք է իրարից բխեն:

Հաջողության բանաձևը երջանկության բանաձևն է

Պետք է սիրես այն, ինչ անում ես, պետք է այն անես մեծ նվիրումով, անվերապահ տալով քո ժամանակը և միշտ ներս թողնես հնարավորությունները: Մարդու կյանքը լի է հնարավորություններով. ամեն օր, ամեն վայրկյան մեր առջև մի նոր հնարավորություն է բացվում, դրանց մի մասը մենք տեսնում ենք, մի մասը` ոչ: Երբ դու նկատում ես այդ հնարավորությունը և քո կես կամ մեկ քայլն անցնում այդ հնարավորությանն ընդառաջ, դու անպայման հաջողում ես:

Ինձ համար մեծ պատիվ է միշտ եղել, որ ես մեր պետության ձևավորման առաջին տարիներից առիթ եմ ստացել իմ ծառայությունը բերել պետությանը: Դա իրոք բացառիկ ու պատմական հնարավորություն է մասնակից լինել քո պետության կերտմանը: Մենք կարող ենք նեղանալ պետությունից, կարող ենք համարել, որ պետությունը բավարար չի վերադարձնում մեր աշխատանքի, ջանքերի դիմաց, բայց դա անիմաստ գործ է: Պետությունն այն է, ինչ մենք ստեղծում ենք ամեն մեկս մեր տեղում: Դրա համար պարտադիր չէ լինել պետական սեկտորում, հանրային հատվածում ևս կարելի է անել աշխատանք, որը պետության համար ունի բացառիկ նշանակություն:

1998 թվականին ես Ազգային ժողովի նախագահի խորհրդականն էի, այդ ժամանակ արտասահման մեկնելու և ուսումս շարունակելու հնարավորություն ստեղծվեց: Ես մտածում էի՝ ճիշտ բան եմ անո՞ւմ, թե ոչ, որովհետև մարդիկ գնում-սովորում են, որ հետո գան ԱԺ նախագահի խորհրդական լինեն, ես, խորհրդական լինելով, ինչու եմ թողնում ու գնում երկու տարով մագիստրատուրա սովորելու: Բայց հետո պարզվեց, որ դա ոչ միայն շատ օգտակար էր, այլ գրեթե կանխորոշիչ իմ հետագա հաջողությունների համար:

Անհաջողության մասին հորինված պատմությունը

Ես կարծում եմ` հաջողությունը բոլորի համար միշտ կա, ուղղակի պետք է փորձել բոլոր բաց դռները ու անպայման գտնել ճանապարհները, որ տանում են հաջողության: Ես չեմ կարող նշել մի անհաջողություն, որը չափազանց մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Իհարկե, եղել են բազմաթիվ փորձություններ, դժվարություններ, ու, եթե չեմ սխալվում Միացյալ Նահանգներ բուհ ընդունվելիս էսսեներից մեկը պետք է գրեի հենց այդ թեմայով` «Ձեր որ անհաջողությունից եք մեծ բան սովորել»: Ես հորինեցի ու անհաջողության մասին պատմություն գրեցի, որովհետև արժանի տապալում չէի հիշում, որը կարող էր ինձ ճանապարհ հարթել դեպի Ֆլեթչերի Իրավունքի ու դիվանագիտության դպրոց:

«Հաջողության բանաձև» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Երևան Փրոդաքշնսի» նախաձեռնությամբ: Նախագծի նպատակն է հաջողվածտարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ, օգնել խորհուրդներով և ուղղորդել իրականպատմությունների օրինակներով: