«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թեև նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանայիք Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ: Թերթին հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ՝ Ադրբեջանի ջանքերով, չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երևանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց Բաքուն ամեն ինչ անում է, որ առաջիկա գագաթնաժողովին Երևանը ոչ մի առավելություն չստանա, և ստորագրման հանդիսավոր արարողությունը չկայանա: Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ՝ չի բխում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից ու նրանց դարձնում է դաշնակիցներ Հայաստանի և Եվրամիության նոր համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու հարցում: Իրավիճակի ինտրիգն այն է, որ ֆորմալ առումով՝ դա, այս անգամ, ի տարբերություն 2013-ի, կարող է տեղի ունենալ Բրյուսելի մեղքով: Գուցե ռուս-ադրբեջանական նոր «դավադրության» «արդյունավետությո՞ւնն» է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հարցում Մոսկվայի խորհրդավոր «լոյալության» բուն պատճառը: Այն, որ Ռուսաստանը միանշանակ դեմ է այս համաձայնագրի ստորագրմանը, մեր ոխերիմ բարեկամները չեն էլ թաքցնում: Դեռևս 2013-ին ստորագրումը վիժեցնելուց հետո Կրեմլը իր խոսափողներից մեկի՝ «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի շուրթերով հայտարարեց՝ Եթե ՀՀ-ն դառնար ԵՄ ասոցացված անդամ, ապա հնարավոր չէր լինի պահպանել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Ի՞նչ փոխվեց հիմա: Եթե ռուսական կողմը լռում է, գուցե նրանք պարզապես վստա՞հ են, որ Ադրբեջանի ձեռքով «կրակից շագանակ հանելու» մարտավարությունն ավելի քան հաջողված է լինելու: Արդյունքում ՀՀ կպահպանի իր դեմքը, ռուսական կողմին որևէ մեղադրանք չի ուղղվի, իսկ համաձայնագրի ստորագրումը կառկախվի՝ ինչն էլ ռուսներին ավելի քան ձեռնտու է՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում:
 
Հայաստանում իսկապես զգուշավորությամբ են մոտենում հարցին՝ կարծելով, որ Մոսկվան կարող է խանգարել։ Վերջերս էլ լուրջ լարվածություն էր ի հայտ եկել՝ կապված՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարության և հայաստանյան իշխանությունների արձագանքի հետ։ Սվիտալսկին քննադատել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու բարձրացրել դրա վստահելիության հարցը, Հանրապետական կուսակցությունը պատասխանել էր, որ քննադատությունը ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ է։ Այդուհանդերձ, բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս անգամ համաձայնագիրը վտանգված չէ: Պատճառներից մեկն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունն է 2013-ից ի վեր։ Յանուկովիչի ղեկավարությամբ՝ Ուկրաինան բանակցում էր ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը մտադիր էր ձախողել այն։ Հայաստանին հասցված վնասն էլ կողմնակի էր, Յանուկովիչին վախեցնելու համար։ Դա ազդանշան էր Ուկրաինային՝ նայի՛ր, թե ինչ կարող ենք անել: Բայց որևէ երաշխիք չկա, որ այս անգամ էլ նման ազդանշան չի ուղղվի ՀՀ իշխանություններին:
 
Մեզ համար, իհարկե, ակնհայտ է, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունները ստորագրեն այդ համաձայնագիրը, ապա դրանով սահմանված բարեփոխումները չեն իրականացնելու, որովհետև պայմանագիրը նրանց համար ունի PR նշանակություն: Բայց քանի որ այս փաստաթուղթը բավական ուժեղ է, այն իրականացնելու դեպքում կարող է արմատական փոփոխություններ մտցնել ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, այլև՝ ՀՀ ներքին կյանքում: Հենց այստեղ է սպառնալիքը: Եթե ռուսներին այնուհանդերձ չհաջողվի վիժեցնել համաձայնագրի ստորագրումը, նրանք խանգարելու են իրականացմանը, որովհետև եթե այն իրականացվեց, ապա փոփոխություններն արմատական կլինեն: Համաձայնագիրը վավերացնելուց և այն իրականացնելուց որոշ ժամանակ անց նման խնդիր կարող է առաջանալ: Սա կախված է նրանից, թե ինչ տեմպերով ու ինչ ծավալով ՀՀ-ն կյանքի կկոչի Եվրամիության հետ համաձայնագրի հիմքում դրված բարեփոխումները: Եթե Հայաստանը մոտեցնի իր օրենսդրությանը ԵՄ օրենսդրությանը, ինքնըստինքյան կհեռանա Եվրազեսից, որովհետև ԵԱՏՄ մի շարք օրենքներ հակասության մեջ կմտնեն ԵՄ օրենքներին հետ: Հենց սրանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գլխավոր վտանգը ռուսական կողմի համար:
 
 
Ստելլա Խաչատրյան