«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են Ուկրաինայում իշխանությունը զավթել ամեն գնով: Այդ մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» նախագահական խմբակցության ղեկավար Արթուր Գերասիմովը:
«Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ ո՛չ Սահակաշվիլին, ո՛չ նրա կողմնակիցներն իրենց առջեւ նպատակ չեն դնում հասնել այն պահանջների կատարմանը, որոնք նրանք առաջադրել են: Նրանց բուն նպատակն Ուկրաինայում իրական ընդգրկուն ապակայունացումն է ամեն գնով՝ իշխանությունը զավթելու համար»,-Գերասիմովի խոսքը մեջբերել է ՈւՆԻԱՆ ուկրաինական գործակալությունը:
Նա նաեւ հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել՝ դադարեցնել խորհրդարանի շենքի շրջափակումը, քանի որ նման գործողությունները «ճիշտ չեն»: Նախօրյակին մի քանի հազար մարդ՝ «Ազգային կորպուս», «Ազատություն», ինչպես նաեւ «Նոր ուժերի շարժում», «Բատկիվշչինա», «Սամոպոմոշչ» կուսակցությունների դրոշներով, եւ մի շարք հասարական կազմակերպություններ բողոքի ակցիա են սկսել Ռադայի մերձակայքում:
Նրանք պահանջում են չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսդրությունը եւ ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան: Հանրահավաքի մասնակիցները վրաններ են խփել Ռադայի պատերի մոտ, հայտարարելով, որ խորհրդարանի մոտ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին: Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ցուցարարները պահանջելու են նախագահի պաշտոնաթողությունը: Հոկտեմբերի 17-ի երեկոյան մի քանի բախումներ են տեղի ունեցել բողոքավորների եւ իրավապահների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: