Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Այցելելով գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր` զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի` դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ:

Ավագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո զորակոչվել զինծառայության:

Շուտով կլրանա Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի երկու տարին: Ի պաշտոնե լինելով մեր երկրի սահմանի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն` նա լավագույնս է գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում:

«Մեր զինծառայողները գիտակցաբար են կատարում իրենց պարտականությունները: Բոլորս հասկանում ենք, որ պետք է հստակորեն տիրապետենք մեր մասնագիտությանը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններին, որպեսզի թշնամու ներթափանցման փորձի դեպքում կարողանանք արժանի հակահարված տալ: Բացի դրանից, կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը, մանավանդ` սահմանային լարվածության և հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակի վարման պայմաններում: Այս նպատակով անձնակազմը համապատասխան հրահանգավորումներ է ստացել դիտարկվող վայրեր դուրս չգալու, խրամաբջիջներում ճիշտ դիրքավորվելու, դիտորդի պարտականությունները կատարելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագը` հավելելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող քայլերը պարտադրում են ավելի պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ավագ սերժանտ Գ. Խաչունցը կարևորում է զինծառայողների միջև առկա ընկերական վերաբերմունքը, միմյանց օգնելու պատրաստակամությունն ու կամեցողությունը: «Դիրքապահ տղաները գիտակցում են, որ առանց իրար օգնելու հնարավոր չէ կատարել իրենց, թերևս, ամենանվիրական ու ամենադժվարին առաքելությունը: Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է յուրաքանչյուր զինծառայողի ունակությունների ու հնարավորությունների գերլարում, բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն: Ես անձամբ պարբերաբար զրուցում եմ բոլոր զինծառայողների հետ` թե՜ առանձին-առանձին, թե՜ կոլեկտիվ կազմով, լսում նրանց կողմից բարձրացվող հարցերը, առաջարկությունները և ընտրում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը»,- ասաց ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցը:

Որպես կրտսեր հրամանատար, բացի վերոնշյալ հանգամանքներից, դիրքի ավագը իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու համար կարևորում է նաև օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը: Ինքն անձամբ դիրքապահների առօրյան այնպես է կազմակերպում, որպեսզի պահպանվի հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ճնշված չզգա, և յուրաքանչյուրը հնարավորություն ունենա սահմանված կարգով հանգստանալու:

«Նման պատասխանատու առաքելությունը հնարավոր է կատարել միայն առույգ և բարձր տրամադրվածություն ունենալով` գիտակցելով, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի, ցանկացած հարցում պատրաստակամ են քեզ օգնելու»,- մեզ հետ զրույցում շեշտում է դիրքի ավագը` վստահեցնելով, որ եթե հայ զինվորը մշտարթուն կանգնած է դիրքում, երկրի սահմաններն անառիկ կմնան, հայրենիքը` պաշտպանված: