ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն մեկնարկել է հոկտեմբերի 18-ին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը:

 

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:

 

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների' բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցերով: «Նման մակարդակով այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,-ասել է Արա Բաբլոյանը:

 

Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության աշխուժացմամբ: Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ-լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարեւոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար: ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն:

 

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջեւ միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցության զարգացումը:

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հավելելով, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, վստահեցրել է, որ իր երկիրը եղել եւ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը:

 

Անջեյ Դուդայը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջեւ եւ հույս հայտնել, որ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կխորանան:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: