Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի վերաբերյալ հնչող մեղադրանքները չեն դադարում։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հոտ զրույցում  բուհի դասախոս Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ռեկտորի` օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսին, նշեց․

«Մեր բաց նամակ-ից երեք շաբաթ անց ռեկտորը նոր հիշել է, որ մեր ներկայացրած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում՝ ասելով, թե այլ թվեր էլ ենք նշել: Պարոն Մինասյանի ամենակոպիտ խախտումներից մեկը, որը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում, դահլիճի շինարարական ծախսերն են: Պարոն Մինասյանը դահլիճի վերանորոգման համար առանձնացրել է 100 մլն դրամ ինստիտուտի բյուջեից և 18 մլն դրամ՝ որպես համաֆինանսավորում Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագիրն իրականացնելու համար», -ասաց նա՝ ընդգծելով, որ բուհի փոքրիկ դահլիճը վերանորոգելու համար ինստիտուտի բյուջեից դուրս է գրվել 118 մլն դրամ:

Դասախոսի խոսքով՝ պարոն Մինասյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ փորձելով մեղմել այդ ահռելի թվերը՝ հայտարարել է, թե դահլիճի վրա ծախսվել է 33 մլն դրամ, իսկ դահլիճի շքամուտքի վրա 35 մլն դրամ․ «Այստեղ տարօրինակն այն է, որ այն մարդիկ ովքեր ՇՊՀ-ին ծանոթ չեն, կարող են մտածել, որ դրանք տարբեր տարածքներ են, բայց իրականում դա նույն տարածքն է։ Ես էլ կառաջարկեմ ռեկտորին թվերն ավելի մեղմ ցույց տալու համար բեմն էլ առանձնացնել։ Սա տարրական դեմագոգիա է, և ռեկտորը հերթական անգամ փորձում է խափել հասարակությանը։  Տեսնելով, թե ինչ մեծ գումար է դուրս գրել ինստիտուտի բյուջեից՝ փորձում է հիմա էլ դահլիճը մասնատել և դրանք ներկայացնել մեղմ գնացուցակով, սակայն, այդ մասերի ընդհանուր հանրագումարը կազմում է մեր նշած թիվը։ Բացի այդ, խոշոր չարաշահում ես համարում եմ ինստիտուտի բուֆետի վերանորոգումը, որի վրա պարոն Մինասյանը 25 մլն դրան գումար է ծախսել»,- նկատեց նա։

Գագիկ Համբարյանը նշում է, որ պարոն Մինասյանը փորձում է իր ակտիվ շինարարական աշխատանքերը բացատրել նրանով, որ ցանկանում է ՇՊՀ-ը դարձնել միջազգային նորմերին համապատասխան․ «1995 թ․ որպես դպրոցի շենք կառուցված, միջազգային նորմերին չհամապատասխանող շենքում այդ նորմերին համապատասխան միայն դահլի՞ճ է կառուցում»,- հարց բարձրացրեց դասախոսը։ 

Մեր զրուցակցի կարծիքով՝ ռեկտորն ընդունելով իր ապօրինությունները՝ արագ ուղղեց դասաբաշխումների, սակայն դեռ չի անդրադարձել իր յուրայինների աստղաբաշխական աշխատավարձերին, որը 250-400 հազար դրամ է։

Անդրադառնալով նախարարության ներկայացուցիչների այցին և ստուգումներին՝ դասախոսը նշեց, որ վերջիններս երեք շաբաթ առաջ են այցելել համալսարան՝ հոկտեմբերի 2-4-ը, սակայն անցել է շուրջ երկու շաբաթ՝ որևէ արձագանք չկա․ «Հույս ունենք, որ նախարարության փորձախումբը ամեն ինչ ճշգրիտ կներկայացնի, քանի որ ռեկտորի ապօրինությունների, հանցագործությունների վերաբերյալ մենք խոսում ենք փաստերով»,- խոսքը եզրափակեց Համբարյանը։

Սոնա Հարությունյան