Մոտ 100 հազար քուրդ լքել է Քիրքուքն այն բանից հետո, երբ քաղաքն անցել է Իրաքի կառավարական ուժերի հսկողության տակ։ Այս մասին հայտնել է Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադին, փոխանցում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ Քիրքուքից եւ Տուզ Խուրմաթու քաղաքից մոտ 18 հազար ընտանիք ժամանակավոր ապաստան են ստացել Էրբիլ եւ Սուլեյմանիայի քաղաքներում։ Հադիի օգնականը հայտնել է, որ տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմում է 100 հազար։
Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Հավրամին Թվիթերում հայտնել է, որ մարդիկ փախչում էին կողոպուտից եւ մոլեռանդների հետապնդումներից։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել էր, որ Քիրքուքի անվտանգությունը պաշտպանում է տեղի ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի էլիտար ծառայության աջակցությամբ։