Երեկ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում դարձյալ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն՝ ներկայացնելով բարեփոխումների շարք, որոնք, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ են մեր եկեղեցուն: Մասնավորապես, իր գրառման 5-րդ կետում Բագրատյանը գրում է. «Յուրաքանչյուր տարվա սկսզբին ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ-ի 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը»։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ անիմաստ է հայ եկեղեցուն մեղադրել հարկ չվճարելու մեջ, քանի որ եկեղեցին մշտապես պատշաճ հարկ վճարող է եղել:

Դիտարկմանը, որ նախկին պատգամավորն առաջարկում է վերջ տալ նաև այս կամ այն գործարարի կամ օլիգարխի կողմից եկեղեցուն տարածք նվիրաբերելու սովորությանը, հոգևորականը պատասխանեց. «Եկեղեցուն երբեք որևէ մեկը տարածք չի նվիրել: Այն նվիրաբերությունները, որոնք պետությունը տալիս է եկեղեցուն, այն նվազագույնն է, որ կարող է անել: Հիմա ես հարց եմ բարձրացնում. իսկ եթե եկեղեցին պետության առաջ խնդիր դներ և օտարի պես պահանջեր վերադարձնել մինչև1920 թվականի ունեցվածքը, արդյո՞ք կկարողանար պետությունը վերադարձնել, արդյո՞ք Կառավարությունը կարող է ետ տալ եկեղեցուն այն, ինչ եկեղեցին ունեցել է: Կարո՞ղ է արդյոք եկեղեցին իրեն այդպես օտարի պես պահել և պահանջներ ներկայացնել պետությանը»,-հարց է հնչեցնում Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով, որ բագրատյանական ինչպես նախկին, այնպես էլ վերջին հակաեկեղեցական գրառումները համարում է զառացանք:

Մեզ հետ զրույցում Հրանտ Բագրատյանի տեսակետները մեկնաբանել չցանակացավ նաև Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ խոստանալով դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել իր հաղորդումներից մեկում. «Այդ մարդը ավանակի վրա թարս նստած՝ շարունակում է իր դոնքիշոտյան ճանապարհորդությունը, նրան պատասխանել պետք է անշուշտ, և ես դրան կանդրադառնամ իմ հաղորդման շրջանակներում»,-ընդգծեց հոգևորականը:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ բարեփոխումների՝ Հրանտ Բագրատյանն առաջարկում է դադարեցնել ՀԱՍԵ-ին պետության կողմից հողեր և այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱՍԵ-ն և մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին: ՀԱՍԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։ Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱՍԵ-ի սպասավորների ցանկում։