Ինչպես արդեն գիտենք, Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Փաստաթղթի 2-րդ գլուխը վերաբերում է էներգետիկ ոլորտին: 42-րդ հոդվածը մեկնաբանվել է այնպես, որ այս ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմակայանի փակում և դրա փոխարինում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր հզորությամբ: Այսօր, սակայն, մեր երկրի էներգետիկայի նախարարը որոշ պարզաբանումներ է մտցրել հանրությանը հուզող այս կետում:
 
Ըստ նրա՝ Մեծամորի ԱԷԿ-ը չի փակվելու. պարզապես կառուցվելու է նոր էներգաբլոկ, հնարավոր է՝ ավելի փոքր հզորությամբ: Ենթադրենք, թե այդպես է, սակայն այս պարագայում էլ ծագում են հարցեր, որոնց նախարարությունը պարտավոր է պատասխանել: Օրինակ՝ արդյո՞ք այս մանիպուլյացիաների ընթացքում կառաջանա էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պահանջ: Փորձագետները մեկ մարդու պես պնդում են, որ՝ այո՛, ցանկացած սցենարի դեպքում սակագինը բարձրանալու է: Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները: Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արևային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Մյուս կարևոր հարցը՝ ո՞վ է ֆինանսավորելու նոր էներգաբլոկի կառուցումը և որ ամենակարևորն է՝ ո՞վ է այն կառավարելու՝ «Ռոսատո՞մը», որի հետ արդեն իսկ առկա է համաձայնություն, թե՞ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Եվրոպան պահանջի, որ ինքը ֆինանսավորի և ինքն էլ կառուցի այն, բնականաբար, նպատակ ունենալով ռուսներին դուրս մղել այս գերշահութաբեր ոլորտից.Ռուսներն էլ, իհարկե, այդքան միամիտ չեն՝ չհասկանալու համար, թե ինչու է ԵՄ-ն այդքան համառորեն կառչել հայկական ատոմային էներգետիկայի ապագան ավելի անվտանգ դարձնելու գաղափարից: Ռուսաստանը, որը մեծ հույսեր է կապում համաշխարհային շուկայում ատոմային գերտերություն դառնալու հարցում, ով իր ենթակայության տակ ունի համաշխարհային ատոմի 19 տոկոսը՝ ի դեմս ԵԱՏՄ անդամ Ղազախստանի, պետք է այդ տոկոսների ավելացման հարցում դիմի նաև այլ մեթոդների: Իսկ այստեղ հերթը հասնում է Հայաստանին: Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգումը ապահովվում է ռուսական միջոցներով: Գաղտնիք չէ, որ հայկական էներգետիկ ռեսուրսներն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ են: Եվ ռուսներին այդքան էլ հեշտ չի լինելու այստեղից դուրս մղելը: Կարելի է ասել՝ անհնար: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է վարվելու Հայաստանը, երբ մեր էներգետիկ ինքնիշխանությունը և անվտանգությունը կհայտնվեն երկու կողմի համառ պայքարի թիրախում: ԵՄ-ն, Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման մասին խոսելով, ըստ էության փորձում է փոխարինել Ռուսաստանին՝ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության այս օբյեկտը ռուսներից ազատելու նպատակով, իսկ ավելի լայն իմաստով` Հայաստանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ռուսական գրեթե բացարձակ ազդեցությունը նկատելիորեն թուլացնելու համար:
 
ԵՄ-ը չի պահանջում ԱԷԿ-ի փակումը նաև այն պատճառով, որ այս տարիների ընթացքում լուրջ ներդրումներ է արել Մեծամորում: 1995թ.-ից մինչ օրս հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացման համար դոնոր երկրների աջակցությունը կազմել է շուրջ 160 մլն․ ԱՄՆ դոլար։ Այս գումարից 65 միլիոնը տրամադրել է ԱՄՆ-ն, 55 միլիոնը՝ ԵՄ-ն, 8 միլիոնը՝ ՌԴ-ն, 7 միլիոնը՝ ԱԷՄԳ-ն և 25 միլիոնը՝ այլ պետություններ։ Սակայն հանրությանը, չգիտես ինչու, կանոնավոր կերպով տեղեկացվել է միայն ռուսական աջակցության մասին:
 
Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԷԿ-ի փակումն այսօր առկա հանգամանքներում հավասարազոր է ոչ միայն գործող իշխանության, այլև ամբողջ պետության ինքնաբացարկին։ Այդ պատճառով՝ կարելի է համոզված լինել, որ ատոմակայանը չի փակվի։ Այն երկրները, որոնք դիմել են այդ քայլին, իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու այլընտրանքային հնարավորություն ունեին, մենք նման հնարավորություն չունենք, իսկ չունենք շատ պարզ պատճառով՝ չի բավարարել քաղաքական կամքը: Դժվար թե Էներգետիկայի նախարարը մոռացած լինի ԱՄՆ դեսպանի՝ 8 միլիարդի հասնող ներդրումային առաջարկի մասին, որը պետք է ուղղված լիներ հենց այդ այլընտրանքի ձևավորմանը, բայց արի ու տես՝ նման հեռանկարը չհետաքրքրեց մեր կառավարությանը.
 
ԱԷԿ-ի ճակատագրի քննարկմանը զուգահեռ՝ ամբողջ թափով ընթանում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու աշխատանքները։ Այդ ծրագիրը հաստատել էր ՀՀ կառավարությունը, 2014 թվականին, իսկ իրականացման համար Ռուսաստանը Հայաստանին 270 մլն դոլարի վարկ և 30 մլն-ի չափով դրամաշնորհ էր տրամադրել։ Արդյունքում՝ ատոմային կայանի շահագործման ժամկետը պետք է երկարաձգվի մինչև 2027 թվականը։ Փաստորեն, Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին կարելի է սկսել խոսել միայն 2026 թվականից հետո։ Բոլոր այս փաստարկներն, անկասկած, հիանալի գիտեն նաև նույն եվրոպացիները։ Այդ դեպքում՝ ինչի՞ համար է այդ պահանջը նշվում համաձայնագրի տեքստում, դրա համար կարող են տարբեր պատճառներ լինել, այդ թվում՝ նաև այն, ինչի մասին լայն հասարակությանն իմանալ դեռ պետք չէ, և որոնց մասին դեռ լռում են նույնիսկ «…. մոտ աղբյուրները»։
 
Ստելլա Խաչատրյան