jnews.ge-ն հետևել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ օրվա տարբեր ժամերին թարմացնելով տեղեկությունները՝ ներկայացնելով տեղեկություններ ընտրատարածքներում տիրող իրավիճակի ու խախտումների վերաբերյալ:
Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջև: Ականատեսների խոսքով մարդիկ միմյանց չէին հասկացել և վիճել են: Ընտրատեղամասում այդ պահին ընտրողներ չկային, կես ժամվա ենթացքում քվեարկել է 2 ընտրող: Ժամը 12:00-ի դրությամբ 700 ընտրողից քվեարկել էին 88-ը: Ընտրատարածքի մոտ հավաքվել էին մարդիկ և մեքենաներ: 2 մեքենա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» գովազդային պաստառներով էին:
Նույն Գումբուրդո գյուղի №49 ընտրատեղամասում համեմատական ակտիվություն էր: Մեկ տարեց մարդ առանց անձնագրի էր ընտրատարածք եկել: Հանձնաժողովի անդամները, իմանալով, որ անկախ դիտորդը դեմ չէ, որ նա քվեարկի, թույլ տվեցին նրան կատարել իր քաղաքացիական պարտքը առանց անձնագրի: Դրանից անմիջապես հետո մի երիտասարդ կին ևս ներկայացավ առանց անձնագրի, սակայն նրան թույլ չտվեցին քվեարկել և ասացին, որ անձնագիրը բերի: Այս ընտրատարածքում ոչ բոլոր ընտրողների դրոշմագրումն էր ստուգվում: Կես ժամվա ընթացքում 3 տարեցի ընտրողի խցիկում օգնեց ընտրություն կատարել միևնույն երիտասարդը, սովորական ընտրող:
Գումբուրդոյի ճանապարհի և Վաչյան-Կարծախ մայրուղու խաչմերուկում կանգնած էին ոստիկանության 2 մեքենաներ: